Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:
«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- հայտնեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ տեեկացրել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել էր, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել էինք, որ պատահարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների վիճակն էլ ծանր և ծայրահեղ ծանր է: