Հացադուլ եմ անելու․ իմ երեխուն գտեք․ անհետ կորած զինծառայողի հայրը 3 օր է՝ նստացույց է անում (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց արդեն մի քանի օր նստացույց իրականացնող անհետ կորած զինծառայողի հայրն ասում է՝ մինչ օրս որևէ հստակ պատասխան չի ստացել որդու ճակատագրի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ միայն նստացույցի երրորդ օրը կառավարության ներկայացուցիչները կապ են հաստատել իր հետ։

«Այսօր նոր եկան, ասացին՝ քննչականից զանգեր են եղել, պիտի գան, հանդիպեն։ Մինչև հիմա կառավարությունից միայն վարչության պետի տեղակալներից մեկն է մեզ ընդունել։ Ես վաղուց ասել եմ՝ եթե իմ երեխայի հարցով լուծում չլինի, գալու եմ կառավարության դիմաց նստացույցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, երբ անհետ կորած զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց պահանջները։ Սակայն, ըստ նրա, մինչ օրս որևէ հստակ պատասխան չի տրվել։

«Վարչապետին ասել եմ՝ 6 տարի է անցել, բայց ոչ մի գործողություն, ոչ մի լիարժեք հետաքննություն չի իրականացվել։ Ասել եմ՝ եթե իմ երեխային չբերեք, ես կառավարության դիմաց նստացույց եմ անելու։ Նա ասել էր՝ գրավոր պատասխան կտա, բայց այդ պատասխանը մինչ օրս լիարժեք չենք ստացել»,- նշեց նա։

Անհետ կորած զինծառայողի հայրը պնդում է, որ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցությունների և անհետ կորածների վերաբերյալ ստացված տեղեկությունների մասով։

«Ադրբեջանական կողմը միշտ ասում է՝ գերի չկա։ Բայց եթե չկա, բա էդ երեխաները ո՞ւր են։ Իմ երեխային, օրինակ, պատերազմի առաջին օրերին զոհվածների թվում էին գրել, բայց հետո մարդիկ նրան տեսել են Ֆիզուլիում։ Եթե զոհվել էր, ո՞նց էին տեսել։ Ոչ մի բան իրար չի համապատասխանում»,- ասաց նա։

Նա ընդգծում է, որ ընտանիքը մինչ օրս չի ստացել բավարար ապացույցներ որդու մահվան վերաբերյալ։ Ըստ նրա՝ ներկայացվել են միայն անուղղակի տեղեկություններ՝ առանց լիարժեք քննության։

«Մի թուղթ են ցույց տվել, ասել են՝ էսքան բան ենք գտել, էս մարդը վկայություն է տվել, բայց քննություն չեն արել։ Եթե ասում եք՝ զոհվել է, ասեք՝ որտեղ, ինչ պայմաններում։ Եթե չեք կարող հրապարակային ասել, գոնե գաղտնի ասեք՝ ուր գնամ, ինչ անեմ»,- նշեց նա։

Անդրադառնալով իր հետագա քայլերին՝ անհետ կորած զինծառայողի հայրը հայտարարեց, որ եթե իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ևս հստակություն չլինի, պատրաստվում է հացադուլ սկսել։

«Շարունակելու եմ նստացույցը։ Եթե էլի պատասխան չլինի, հրապարակային ասում եմ՝ հացադուլ եմ անելու։ Չեմ կարող ուղղակի նստել ու սպասել, երբ վեց տարի անց ոչ ոք պատասխան չի տալիս՝ երեխան որտե՞ղ է»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *