ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անդամ երկրներին առաջարկել է Ուկրաինային օգնություն տրամադրելու համար տարեկան հատկացնել ՀՆԱ-ի 0,25%-ը։ Այս մասին Politico պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ նրանց՝ դաշինքի ղեկավարն այս հարցը բարձրացրել է անցյալ ամսվա վերջին՝ ՆԱՏՕ-ի դեսպանների փակ նիստի ժամանակ, և խոսել է այդ մասին նաև հուլիսին Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ «Ռյուտեն և մեզնից շատերը ցանկանում են վստահ լինել, որ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը կլինի հետևողական և կանխատեսելի», — նշել է Politico-ի զրուցակիցներից մեկը։
Այս գաղափարի հաստատման դեպքում Ուկրաինային հատկացվող տարեկան օգնությունը փաստացի կեռապատկվի՝ հասնելով 143 միլիարդ դոլարի։ Պարբերականն այս թիվը հաշվարկել է՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ի ցուցանիշի վրա։ Ռյուտեի առաջարկը պատասխան էր որոշ դաշնակիցների դժգոհությանը, թե իրենք Կիևին օգնելու համար շատ ավելին են անում, քան դաշինքի մյուս անդամները, պարզաբանել են Politico-ի աղբյուրները։ Մասնավորապես, Քիլի գերմանական վերլուծական կենտրոնի տվյալներով՝ սկանդինավյան երկրները շատ ավելի մեծ ներդրում ունեն, քան նախատեսված է։ Արևմտյան Եվրոպայի խոշոր պետությունների օգնությունը մոտավորապես համապատասխանում է իրենց ՀՆԱ-ին, իսկ Հարավային Եվրոպան «շարունակում է մնալ փոքր դոնոր»։ Այնուամենայնիվ, պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռյուտեի առաջարկն արդեն իսկ թերահավատությամբ է ընդունվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և դաշինքի այլ անդամների կողմից։ Ընդ որում՝ նմանատիպ ցանկացած որոշում պետք է արժանանա ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների համաձայնությանը։
Ուկրաինային ՀՆԱ-ի 0,25%-ի չափով օգնություն տրամադրելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անցյալ տարվա ամռանը։ «Ուկրաինան եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է, և մենք ցանկանում ենք, որ գործընկեր երկրների ՀՆԱ-ի 0,25%-ը հատկացվի մեր պաշտպանական արդյունաբերությանն ու տեղական արտադրությանը»,- այն ժամանակ ասել էր Զելենսկին։
2025 թվականին գործընկերներն 45 միլիարդ դոլարի ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային։ Այս գումարը ներառել է թե՛ Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնումները, թե՛ ուկրաինական պաշտպանական ձեռնարկություններում կատարված ներդրումները։ Ավելի վաղ Ռյուտեն նշել էր, որ Եվրոպան ու Կանադան ամսական 1 միլիարդ եվրո են ծախսում PURL ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով։ Այս մեխանիզմը գործարկվել է անցյալ տարվա ամռանը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Կիևին անհատույց օգնություն տրամադրել։ Ծրագրի համաձայն՝ ուկրաինական կողմն ամեն ամիս կազմում է անհրաժեշտ սպառազինության ցանկը, որից հետո եվրոպացիներն այն գնում են ԱՄՆ-ից։ Ռյուտեի խոսքով՝ 2026 թվականին եվրոպական երկրները մտադիր են 15 միլիարդ դոլարի զենք տրամադրել Կիևին։