«Արբատ» գումարտակի ղեկավար Սարգսյանի սպանության հետևում կանգնած են եղել Ազգային ծառայության պաշտոնյաները․ ՌԴ Քննչական կոմիտե

Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությանը մասնակցել են ուկրաինական հատուկ ծառայությունների՝ Անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության դեռևս չպարզված աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Քննությունը կարծում է, որ Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու ծրագիրը մշակվել է ոչ ուշ, քան 2024 թվականի մարտին։ Որպես թիրախ ընտրվել է Սարգսյանը, որը հայտնի էր 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների քննադատությամբ։ Սարգսյանն այդ գործողությունները որակել է որպես պետական հեղաշրջում։

Հանցագործությունն իրագործելու համար ստեղծվել է խումբ, որի կազմում ընդգրկված են եղել Վարաժ Մանուկյանն ու Պարույր Մաթևոսյանը։ Խմբի անդամները հետևել են հասարակական գործչին, ֆիքսել նրա ամենօրյա երթուղիներն ու թիկնազորի քանակը, ինչպես նաև տեսանկարահանումներ իրականացրել։ Մանուկյանը պատասխանատու է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղափոխման և պահման համար։ Պայթուցիկ սարքի հիմքում եղել է МОН-50 տեսակի ականը։

Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարի 3-ի առավոտյան՝ Ավիացիոն փողոցում գտնվող «Ալիյե պարուսա» բնակելի համալիրում։ Վերելակների սրահում տեղադրված պայթուցիկ սարքը գործարկվել է հեռակառավարմամբ։ Պայթյունի հետևանքով հենց ինքը՝ Մաթևոսյանը, և Արմեն Սարգսյանը տեղում մահացել են։ Եվս երկու հոգի ստացել են կյանքի համար վտանգ ներկայացնող ծանր վնասվածքներ։

Սկզբնական շրջանում հաղորդվել է մեկ զոհի և չորս ծանր վիրավորի մասին, որոնցից մեկն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում։ Պարզվել է, որ նա Արմեն Սարգսյանն է։ Քննարկվել է նաև մահապարտ-ահաբեկչի վարկածը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ հանցագործության նախապատրաստման և փորձի, սպանության, ինչպես նաև պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *