ՀՀ դատարանները անվավեր են ճանաչում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծարելու հրամանները:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ վերահսկողական կոմիտեն։
«Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում հօգուտ աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին»,– նշել է կոմիտեն։
ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հիշեցրել է, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ դրամ, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016–2025 թթ.:
«Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել»,– ընդգծել են կոմիտեից:
ՀԷՑ վերահսկողական կոմիտեից վստահեցրել են` այս ամենի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ–ի նախընտրական PR–ն է անում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հաշվին՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու: