

Սույն թվականի մարտի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ն Անտառների միջազգային օրը նշեց մի խումբ աշակերտների և ուսանողների հետ։ ՊՈԱԿ-ը կազմակերպել էր «ԷԿՈ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» 2 կրթական միջոցառում-մրցույթը, որին մասնակցեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները և Կոտայքի մարզի Ողջաբերդի միջնակարգ դպրոցի աշակերտները։
Մրցութային հանձնաժողովի կազմում էին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի մասնագետները, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և քաղաքականության վարչությունից և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ից։
Մրցույթի մասնակիցները ներկայացրին տեսանյութեր անտառների կարևորության, greenwashing-ի, շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության, էկոկրթության վերաբերյալ, պատասխանեցին մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին, ինչպես նաև նրանցից լսեցին նոր տվյալներ և խորհուրդներ իրենց ներկայացրած թեմաների վերաբերյալ։
Հաղթող ճանաչվեց Ողջաբերդի միջնակարգ դպրոցի «Թափոնների կուտակման ազդեցությունը հասարակության վարքի ձևավորման վրա» թեմայով աշխատանքը։
Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ իրենց ակտիվ մասնակցության և նախաձեռնողականության համար։ Առավել աչքի ընկած և ակտիվ մասնակիցները արժանացան խրախուսական նվերների։
Լուսանկարները՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի
Մարտ 23, 2026 at 12:20