

Այսօր՝ առավոտյան, Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության խափանում։ Ժամը 10-ի շրջակայքում կայարաններում գնացքները կանգ են առել, իսկ որոշ ժամանակ անց ուղևորներին ցուցում է տրվել դուրս գալ վագոններից։ Մետրոյի «Գործարարային» կայարանում իր անչափահաս երեխայի հետ էր նաև Էկոլուրի լրագրողը։ Մետրոյի կայարաններում սկսվեցին կուտակումներ, աշխատանքի և համալսարաններ շտապող ուղևորներին հստակ պատասխաններ չէին տրվում։
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն տարածեց, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, և մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։ Մետրոպոլիտենն անցավ մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Սակայն իրավիճակը չբարելավվեց։ Շուրջ մեկ ժամ անց «Գործարարային» կայարանում կուտակված ուղևորներին տեղափոխեցին «Գարեգին Նժդեհ» կայարան, այնտեղից էլ «Սասունցի Դավիթ» կայարան։ Սակայն այստեղ մետրոպոլիտենի աշխատակիցներն ուղևորներին կրկին հայտնեցին, որ պետք է սպասեն՝ նշելով․ «ամեն րոպե նոր ցուցում ենք ստանում»։ Երթևեկության խափանումից շուրջ 2 ժամ անց Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն տարածեց, որ առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է, և երթևեկությունը վերականգնված է:
Նշենք, որ 2010թ․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ-ի հետ համատեղ, 15 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին՝ մետրոյի վերականգնման համար (առաջին փուլ)։ 2012թ․ նախագիծը երկարաձգվել է։ Երկրորդ վարկի չափը կազմել է 10 միլիոն եվրո։ 2015թ․ քննարկման է ներկայացվել մետրոյի վերականգնման երրորդ փուլի ծրագիրը, որը ներառում էր՝
շարժակազմի տեխնիկական սպասարկման դեպոյի վերակառուցում
էլեկտրական ենթակայանների, ուժային մալուխների և օդափոխության համակարգերի վերականգնում
գծերի տեխնիկական սպասարկում, ինչպես նաև մետրոյի կայարաններում նոր էսկալատորների
տեղադրում։
Վարկը գնահատվում էր 22 միլիոն 500 հազար եվրո, սակայն այդպես էլ չի հաստատվել։ Ինչպես նշված է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում, պատճառը սոցիալական և բնապահպանական փաստաթղթերի անբավարարությունն է (Environmental and Social Documentation is not available for this project)։
Հետաքրքիր է, որ 2025թ․ ՎԶԵԲ-ը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել Երևանի մետրոյի նկատմամբ՝ նոր կայարանների կառուցման առումով։ Իր հերթին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ 2026թ․ պետական բյուջեից 5.5 միլիարդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի զարգացման համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նույնպես միջազգային զարգացման բանկերից վարկեր է ստացել արդիականացման և զարգացման նպատակով՝ ընդհանուր առմամբ ավելի քան 690 միլիոն դոլարի չափով։ «2016-2025 թվականներին տրամադրված երաշխիքների ընդհանուր ծավալը գերազանցում է 690 միլիոն ԱՄՆ դոլարը։ Ժամանակավոր կառավարչի նշանակման պահին գործող երաշխիքների ֆինանսական բեռը կազմել է ավելի քան 200 միլիոն դոլար»,- նշվել է ՀԷՑ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հայտարարության և ընկերության պաշտոնական կայքում հրապարակված վարկային երաշխիքների վերաբերյալ տեղեկատվության միջև առկա են որոշ հակասություններ։ Սակայն դա արդեն այլ պատմություն է։
Մարտ 20, 2026 at 14:18