Իրանը մտադիր է վճար գանձել աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից՝ Հորմուզի նեղուցով անցնող մալուխների համար

Հորմուզի նեղուցի շրջափակումից հետո Իրանը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել այդ ջրային ուղու տակով անցնող մալուխները։ Դրանցով է փոխանցվում Եվրոպայի, Ասիայի և Պարսից ծոցի երկրների միջև համացանցային թրաֆիկի հսկայական ծավալը, այդ թվում՝ ֆինանսական գործարքների վերաբերյալ տվյալները։ Ինչպես նկատել է CNN-ը, այս մասին տեղեկությունները սկսել են հայտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված իրանական լրատվամիջոցներում։

Մասնավորապես, հրապարակումներում նշվում է, որ Թեհրանը մտադիր է մի շարք ընկերություններից՝ Google, Microsoft, Meta և Amazon, հարկեր գանձել համացանցային մալուխների օգտագործման համար։ Իսկ կապի նոր գծերի անցկացման համար կսահմանվի լիցենզավորման տուրք, և դրանց սպասարկմամբ կկարողանան զբաղվել բացառապես իրանական ընկերությունները։ «Մենք վճար ենք գանձելու համացանցային մալուխների համար»,- լուրերը հաստատել է իրանական բանակի ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարին։

Ինչպես նշում է CNN-ը, ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները միջոցներ են ներդրել Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում մալուխների անցկացման գործում, սակայն անհայտ է, թե Թեհրանն ինչպես է ստիպելու տեխնոհսկաներին ենթարկվել իր պահանջներին, քանի որ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով նրանց արգելված է որևէ վճարում կատարել Իրանին։

Արաբական Միացյալ Էմիրությունների Habtoor Research Center-ի ավագ գիտաշխատող Մոստաֆա Ահմեդի խոսքով՝ Հորմուզի նեղուցով անցնում են մի քանի խոշոր միջմայրցամաքային ստորջրյա մալուխներ, սակայն դրանց մեծ մասը կենտրոնացած է ջրային ուղու՝ Օմանի կողմի նեղ գոտում։ Այդուհանդերձ, ինչպես հստակեցնում է TeleGeography-ի մասնագետ Ալան Մոլդլինը, այդ մալուխներից երկուսը՝ Falcon-ը և Gulf Bridge International (GBI)-ը, անցնում են հենց Իրանի տարածքային ջրերով։

Ահմեդի խոսքով՝ ԻՀՊԿ-ի կողմից մալուխների վրա իրականացվող ցանկացած հարձակում կարող է շղթայական «թվային աղետ» ստեղծել մի քանի մայրցամաքներում։ Նա նշել է, որ նեղուցը թվային առանցքային միջանցք է ասիական տվյալների մշակման կենտրոնների (օրինակ՝ Սինգապուրի) և Եվրոպայի որոշ հեռահաղորդակցության հանգույցների միջև։ Ցանկացած խափանում կարող է դանդաղեցնել Եվրոպայի և Ասիայի միջև առևտուրն ու անդրսահմանային գործարքները։ Այդուհանդերձ, TeleGeography-ի տվյալներով, 2025 թվականի դրությամբ Հորմուզի նեղուցով անցնող մալուխներին բաժին է ընկնում համաշխարհային ընդհանուր թողունակության 1%-ից էլ պակաս մասը։

Միևնույն ժամանակ, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է վերսկսվել մոտ ժամանակներս։ Axios-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի՝ մայիսի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության թիմի հետ կքննարկի Թեհրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակները։ Truth Social սոցիալական ցանցում նա նախազգուշացրել է իրանցիներին, որ «ժամացույցը տկտկում է», և սպառնացել է «նախկինից շատ ավելի ուժգին» հարված հասցնել, եթե նրանք խաղաղության համաձայնագրի համար ավելի շահավետ պայմաններ չառաջարկեն։ Նա նաև հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզի պատկերը, որի կենտրոնում Իրանն է, իսկ նրան սահմանակից երկրները՝ Իրաքը, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանն ու Աֆղանստանը կարմիր սլաքներ են ուղղել դեպի Իրանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *