Հայաստանում պետք է ներդնել «հակադարձ հիփոթեքի» ինստիտուտ։ Այս մասին մայիսի 18-ին, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է թոշակառուներին պատկանող բնակարանի դրամայնացման մեխանիզմին։ Ինչպես նշել է Ղազարյանը, հակադարձ հիփոթեքը նախատեսվելու է այն տարեց անձանց համար, որոնք սեփականության իրավունքով ունեն բնակարան։ «Թոշակառուն իր բնակարանը գրավ է դնում բանկում, սակայն մնում է սեփականատեր՝ պահպանելով այնտեղ բնակվելու իրավունքը։ Դրա դիմաց նա մինչև կյանքի վերջը ամսական վճարումներ կստանա բանկից։ Դրանից հետո հիփոթեքը կհամարվի ավարտված, և վարկային կազմակերպությունը բնակարանը կվերցնի իրեն։ Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Եթե, օրինակ, թոշակառուն որոշի իր բնակարանը բանկին փոխանցել հակադարձ հիփոթեքի շրջանակում, նա պետք է հրավիրի անկախ գնահատողի։ Վերջինս պետք է որոշի անշարժ գույքի շուկայական արժեքը, որից հետո պետությունը պարտավորվում է համոզվել գնահատման հավաստիության մեջ։ Այնուհետև հիփոթեքի առարկան որպես գրավ կառաջարկվի բանկին։ Սա թոշակառուին թույլ կտա չվաճառել իր գույքը և սոցիալական խնդիրները լուծելու համար այլ վայր չտեղափոխվել, այլ շարունակել ապրել իր տանը և միաժամանակ ստանալ ցմահ վարձ»,- պարզաբանել է Կոմիտեի նախագահի տեղակալը։
«Հակադարձ հիփոթեքի» ինստիտուտին զուգահեռ նախատեսվում է ձևավորել նաև «ամուսնու բացառիկ իրավունքի» ինստիտուտը։ Մասնավորապես, կենսաթոշակային տարիքի հասած և անշարժ գույք ունեցող քաղաքացիների զգալի մասը շարունակում է ապրել սահմանափակ եկամուտներով՝ բնակության, կոմունալ ծառայությունների և առօրյա կյանքի աճող ծախսերի պայմաններում։
Փաթեթով նախատեսվում է 63 տարեկան և բարձր տարիքի կենսաթոշակառուներին իրավունք տալ բանակցություններ վարել առևտրային բանկերի հետ՝ օրենքով սահմանված պայմաններով «հակադարձ հիպոթեքի» ծրագրին մասնակցելու շուրջ։ Տարեցները կկարողանան գրավադրել իրենց բնակարանը և ստանալ պարբերական վճարումներ՝ առանց մինչև կյանքի վերջ վարկը մարելու անհրաժեշտության, միաժամանակ պահպանելով սեփականության իրավունքը։ Բանկը սեփականատիրոջը կվճարի կանոնավոր եկամուտ, իսկ նրա մահից հետո բնակարանը կանցնի բանկին։ Այսպիսով, կենսաթոշակառուն հնարավորություն կունենա մաս-մաս ստանալ իր տան արժեքը (շարունակելով բնակվել այնտեղ)։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակները պնդում են, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կպահպանվի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում։
Սակայն նշենք, որ նոր ինստիտուտի կիրառմամբ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ թոշակառուների ժառանգների համար։ Բնակարանի վաճառքի դեպքում բանկը պարտավորվում է նրանց վճարել մնացած գումարը, սակայն միայն բոլոր ծախսերը մարելուց հետո։
Մեկ այլ նորամուծություն վերաբերում է ամուսնու՝ գույքին տիրապետելու իրավունքին։ Այն նախատեսում է, որ ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքը ամուսիններից մեկի մահվան դեպքում ինքնաբերաբար կձևակերպվի որպես մյուսի սեփականություն։ Ընդ որում, կվերանա մնացած ժառանգների հետ գույքի բաժանման անհրաժեշտությունը։ Ժառանգները ժառանգության իրավունք կստանան միայն երկրորդ ծնողի մահից հետո։
Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։