
ԱՄՆ նախագահ Թրամփի թիմում միասնական դիրքորոշում չկա Իրանի հարցում, չգիտեն, թե հաջորդիվ ինչ գործողությունների գնան։ Թիմի մի մասը կողմ է հարվածները վերսկսելուն, մյուսներն առաջարկում են շարունակել բանակցությունները՝ հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, Սպիտակ տանը Իրանի հանդեպ հետագա գործողությունների հետ կապված տարաձայնությունները խորացել են հատկապես նախագահի՝ Չինաստան այցից հետո։ Վաշինգտոնում հույս ունեին, որ Պեկինում Իրանի հարցում դրական առաջընթաց կլինի, սակայն չեղավ։ Երկու առաջնորդները միայն արձանագրեցին, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի ազատ նավագնացության համար, իսկ Իրանն էլ երբեք միջուկային զենք չպետք է ունենա․ միայն այդքանը։ Սպիտակ տան խորհրդականների մի մասը եւ Պենտագոնի ներկայացուցիչները կողմ են, որ Թեհրանի հանդեպ կոշտ վերաբերմունք որդեգրվի, հարվածները վերսկսվեն։
Մյուսները կարծում են, որ, հակառակը՝ Վաշինգտոնը պետք է շարունակի Իրանի հետ բանակցությունները։ Թրամփն անձամբ դժգոհ է Հորմուզի նեղուցի շարունակվող արգելափակումից, որի պատճառով ԱՄՆ-ում թանկանում են նավթն ու բենզինը։ Նա բոլոր տարբերակներն էլ դիտարկում է, սակայն նախընտրում է դիվանագիտությունը՝ ռազմական գործողությունները թողնելով որպես ծայրահեղ միջոց։ The New York Times-ն էլ գրում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել են ավելի եռանդուն նախապատրաստվել Իրանի դեմ նոր ռազմական գործողությանը։ Խորհրդականները Թրամփին մի քանի տարբերակ են առաջարկել՝ Իրանի դեմ ռազմական հարձակման առաջնահերթ թիրախներ։