Լրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում


Քաղաքականություն


ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո Կառավարության գործընկերների հետ  մի քանի քննարկում է տեղի ունեցել: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք հեղինակը մասամբ ընդունել է:

Ըստ հիմնական զեկուցողի՝ անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է առաջին անգամ: Այդուհանդերձ, հստակ չէ, թե որ մարմինն է համարվում ծրագիրն իրականացնողը:

 Քննարկվող նախագծի համաձայն` դա լիազոր մարմնի կողմից հավաստագրված եւ նրա հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիրը:

Հեղինակը նշել է, որ գործող իրավակարգավորումների հստակեցման եւ ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաեւ հստակ ժամկետներ: Մասնավորապես առաջարկվում է, որ լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախազգուշացման վերաբերյալ ոստիկանության համապատասխան որոշումը փոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած եւ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Վերջինս, որոշումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ծրագրում ներառել առավել մեծ թվով շահառուների՝ վերջիններիս հոգեբանական եւ սոցիալական աջակցության տրամադրման, վնասակար սովորույթներից ձերբազատման եւ ըստ այդմ՝ բռնարարք գործադրած անձանց վարքագծային փոփոխությանը նպաստելու նպատակով:

Հարակից զեկուցող, պատգամավոր Տիգրան Պարսիլյանը կարեւորել է առաջարկվող լրացումներով ժամկետների հստակեցումը:

Կառավարության ներկայացուցիչ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն անդրադարձել է Կառավարության ներկայացրած առաջարկություններին:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *