Կալիֆոռնիայի երդվյալ ատենակալների դատարանը մերժել է Իլոն Մասկի աղմկահարույց հայցն ընդդեմ ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերության և դրա ղեկավար Սեմ Ալթմանի։ Միաձայն որոշմամբ գործը կարճվել է, քանի որ Մասկը հայցը ներկայացրել էր վաղեմության ժամկետը լրանալուց հետո։
Մասկը Ալթմանին մեղադրում էր ոչ առևտրային պայմանագիրը խախտելու մեջ՝ մատնանշելով, որ իր կողմից 38 միլիոն դոլարի նվիրատվությունից հետո Ալթմանը OpenAI-ը վերածել է առևտրային (կոմերցիոն) ընկերության։ Մասկը պնդում էր, որ Ալթմանը խաբել է իրեն՝ ընդունելով նվիրատվությունը, իսկ հետո հրաժարվելով մարդկության բարօրության համար արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ մշակելու OpenAI-ի սկզբնական ոչ առևտրային առաքելությունից։
OpenAI-ում նշում էին, որ ընկերության վերածումը կոմերցիոն կառույցի անհրաժեշտ էր, որպեսզի այն կարողանար գումար վաստակել, որն անհրաժեշտ է ԱԲ-ի կատարելագործման համար։
Ալթմանը երդվյալ ատենակալների առաջ իր տված ցուցմունքում հայտարարել է, որ Մասկը ոչ միայն կողմ է եղել OpenAI-ը կոմերցիոն ընկերության վերածելու գաղափարին, այլև ցանկացել է երկարաժամկետ հեռանկարում վերահսկել այն։
Մասկի մյուս հայցերը՝ ընդդեմ Microsoft-ի, մերժվել են օրենքի համաձայն՝ հաշվի առնելով երդվյալ ատենակալների որոշումները OpenAI-ի դեմ ուղղված երկու հայցերի վերաբերյալ։