Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists – ICJ) հրապարակել է ծավալուն զեկույց Ադրբեջանի դատաիրավական համակարգի վերաբերյալ՝ «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով:
Միջազգային փաստահավաք կառույցն իր զեկույցում առանձնակի և մանրամասն անդրադարձ է կատարել Բաքվում ապօրինաբար պահվող ու դատվող հայերի, մասնավորապես՝ Արցախի նախկին պաշտոնյաների գործերին՝ արձանագրելով միջազգային իրավունքի տոտալ խախտումներ։
«Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է փաստաթղթում։
Հանձնաժողովն ընդգծում է, որ հայերի նկատմամբ իրականացվող արդարադատությունը որևէ ձևով չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Զեկույցում կետ առ կետ ներկայացված են այն համակարգային կեղծիքներն ու թերությունները, որոնցով ուղեկցվել են դատավարությունները։
Անօրինական իրավազորություն. քաղաքացիական անձանց դատավարություններն առանց որևէ հիմնավորման անցկացվում են ռազմական դատարաններում։
Պաշտպանության իրավունքի տապալում. մեղադրյալները զրկված են սեփական փաստաբան ընտրելու հնարավորությունից, իսկ պետության նշանակած պաշտպանները միտումնավոր չեն արձագանքում կալանավորների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի և խոշտանգումների ակնհայտ ապացույցներին։
Լեզվական պատնեշ և կեղծ արձանագրություններ. գործի նյութերը հայերին տրամադրվում են իրենց համար անհասկանալի լեզվով, թարգմանությունը կա՛մ բացակայում է, կա՛մ անբավարար է։
Պաշտպանական կողմի միջնորդությունները համակարգված մերժվում են և նույնիսկ չեն ներառվում դատական արձանագրություններում։
Տոտալ մեկուսացում. նիստերն անցկացվում են փակ դռների հետևում՝ միայն պետական քարոզչամիջոցների ներկայությամբ։ Միջազգային դիտորդներին, օտարերկրյա լրատվամիջոցներին և հայերի ընտանիքի անդամներին արգելված է ներկա գտնվել դատարանում։
«Այս դատավարությունները ոչ թե առանձին շեղումներ են հաստատված պրակտիկայից, այլ արտացոլում են ավելի լայն համակարգային խնդիրներ»,- արձանագրում են միջազգային իրավաբանները՝ շեշտելով, որ Ադրբեջանում գործադիր իշխանությունն ու դատախազությունը լիովին վերահսկում են դատական համակարգը։
Հաշվի առնելով տեղեկատվական բացարձակ բլոկադան՝ զեկույցի զգալի մասը հիմնված է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարության ուսումնասիրության վրա։ Իրավաբանների միջազգային հանձնաժողովը փաստեր է ներկայացնում Բաքվի առաջադրած մեղադրանքների անհեթեթության վերաբերյալ։
Արձանագրվում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղում հանրային գործունեություն է սկսել միայն 2022 թվականի վերջին, սակայն Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրում է 1988 թվականից սկսած ենթադրյալ արարքների մեջ։ Հանձնաժողովը հիշեցնում է, որ 1988-ին Ռուբեն Վարդանյանը ընդամենը Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։
«1988 թվականին իբր տեղի ունեցած գործողությունների համար Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ավելի քան երեք տասնամյակ անց և միայն այն բանից հետո, երբ նա ստանձնեց հանրային պաշտոն, առաջացնում է հիմնարար մտահոգություններ օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում և չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրյալ գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար»,– նշված է զեկույցում։
ICJ-ն առաջարկություններ է ներկայացրել Ադրբեջանի խորհրդարանին, գործադիր և դատական իշխանություններին։ Մասնավորապես` Ադրբեջանի դատարաններից պահանջվում է անհապաղ ապահովել, որպեսզի Արցախի ղեկավարների գործերով ցանկացած բողոքարկում քննվի բացառապես ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանների կողմից։ Պահանջվում է նաև նյութերը թարգմանել հայերեն և պաշտպանության պատրաստման համար լիարժեք ժամանակ տրամադրել։
Միևնույն ժամանակ, Իրավաբանների միջազգային հանձնաժողովը պաշտոնական կոչով դիմել է Եվրոպայի խորհրդին՝ պահանջելով անհապաղ մուտքի իրավունք ստանալ Բաքվից, որպեսզի միջազգային դիտորդները հնարավորություն ունենան անձամբ ներկա գտնվել և դիտարկել հայ պաշտոնյաների բողոքարկման ապագա դատական նիստերը։