
Մասիս քաղաքում այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական հավաքը, որի ընթացքում Էդգար Ղազարյանն արձանագրեց. «2021թ-ի դեկտեմբերի 5-ին Մասիս քաղաքը սեփական ուժերով արդեն հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդ օրը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի առաջնորդած դաշինքը հաղթել է ՔՊ կուսակցությանը և նոր հնարավորություններ բացել Մասիսի համար: Իսկ հաշտվե՞լ են արդյոք նրանք մեր ժողովրդի ընտրության հետ, հարգո՞ւմ են նրանց կատարած ընտրությունը: Նրանք առավոտյան են ասում` սիրում ենք ձեզ բոլորիդ, իսկ կեսօրին արդեն` սատկացնելու ենք, կզցնելու ենք ձեզ բոլորիդ: Բայց չեն կարող` ինչքան էլ ընդդիմանան ժողովրդի ընտրությանը: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը կալանավորվեց ապօրինաբար, զրկվեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից: 2025-ին Հայաստանում ընդամենը 2 համայնքային ընտրություն է եղել` Փարաքարում և Գյումրիում, երկուսն էլ արտահերթ, երկուսն էլ իրենց ապաշնորհ կառավարման և հրահրած քաղաքական ճգնաժամի հետևանքով: Երկուսում էլ պարտվել են, իսկ ի՞նչ է եղել դրանից հետո: Գյումրիի համայնքի ղեկավարը կալանավորված է, Փարաքարինը` սպանված: Սա է սրանց վերաբերմունքը ժողովրդի կատարած ընտրությանը, սա է, որ պետք է փոխվի»: