«Հրապարակ». Այս շրջիկ թատերախումբը՝ «ցիրկ ուռոդով», եկել է հատուկ առաջադրանքով

Հարցազրույց ռեժիսոր, բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ

– Զրույցը սկսենք «Գոյ» թատրոնի ճակատագրից. վերջակե՞տ, թե՞ նոր տող է դեռ գրվելու:

– Արցախի վաճառքից հետո «Գոյ»-ի մասին խոսելը շատ մանր է թվում ինձ, մենք շատ ավելի էական բաներ` երկիր ենք կորցնում: Թատրոնն իմաստ ունի այն երկրում, որը հայի երկիրն է, որովհետեւ «Գոյ»-ը հայի թատրոն էր: Իսկ թատրոնի դատը դեռ չի սկսվել, եղել է մի միջանկյալ դատ՝ որ եթե գործը վարչական դատարանում է, որեւէ գործողություն՝ այդ թատրոնի ունեցվածքի, կարգավիճակի նկատմամբ, արգելվում է: Բայց Սունդուկյանի տնօրենը`Վարդան Մկրտչյանը, թատրոնը քանդել է տվել: Դերասանը թատրոնի բեմը քանդել է, սա երեւի պատմական դեպք է, որ պետք է գրվի թատերական հանրագիտարանում, եւ պատրաստվում է այնտեղ նորոգում անել: Շենքն ունի 3 դահլիճ եւ չունի թատրոն, օգտագործվում է որպես հյուրատուն, որ օրավարձով են տալիս, իսկ թատրոնի տրամաբանությունը կորել է: Շատ լավ է, որ շենքն աշխատում է, բայց երբ աշխատում է որպես հյուրատուն՝ թատրոնի փոխարեն, արդեն խնդիր է: Իսկ այդ միջանկյալ դատի ժամանակ ես եւ Սամսոն Ստեփանյանը՝ որպես հիմադիրներ, ասում էինք, որ այնտեղ անթույլատրելի բաներ են անում, բայց դատավոր Սադոյան Լիլիթը շատ համակրելի դեմքով իր վճիռն էր կարդում, որ մենք չենք կարող համարվել շահագրգիռ անձ: Եվ թատրոնն արդեն երրորդ տարին է՝ չի գործում, 35 հոգի մնացել են գործազուրկ: Պետական աշխատավարձ էին ստանում, 14 անուն ներկայացում էինք խաղում, այդ թվում՝ «Գարեգին Նժդեհ»: Բայց այդպիսի բեմականացումներին դահլիճ չեն տրամադրում, ով էլ տրամադրի` գործից կհեռացվի: Իսկ մայիսից հրաման կա, որ կասկածելի բովանդակությամբ ներկայացումներին` հայրենասիրություն, հայասիրություն, դահլիճ չտրամադրել: Ընկալվում է հականիկոլություն:

– Ինչպես հասկացանք, թատրոնի դեմ արշավը «Գարեգին Նժդեհ» ներկայացման հետեւանքով էր՝ այն անձի, որը պահպանել է Սյունիքը: Իսկ վերջին տարիներին Սյունիքը 12 տոկոսով դատարկվել է, սեպտեմբերի 1-ին 42 դպրոց է փակվելու, Թրիփն էլ ԱՄՆ-ին վարձակալությամբ տրված ուղի է, որ մեր պետական սահմանն է Իրանի հետ:

– Մինչ այդ էլ Գորիս-Կապան ճանապարհը տվեցինք: Ես անընդհատ համոզվում եմ, որ այս շրջիկ թատերախումբը, ներողություն «թատրոն» բառիս համար, քանի որ դրանք, ավելի շուտ, «ցիրկ ուռոդով» հասկացության մեջ են տեղավորվում: Եվ այս «ուռոդների» խումբը եկել է հատուկ առաջադրանքով: Ես զարմանում եմ, երբ ինչ-որ մեկը չի տեսնում, որ Սյունիքը կորցնում ենք: Մի կողմից, Արենիով կտրում են Հայաստանը, իսկ մյուս կողմից Սեւանա լիճ են մտնում, եւ վերջ:

– Եթե համեմատելու լինենք, վերջին 8 տարիներին մեր մշակույթն ինչպե՞ս դրսեւորվեց: Նախկին խախուտ սանդղակից նիշն ավելի՞ է իջել, թե՞ ինչ-որ չափով բարձրացել է:

– ՀՀՇ-ից սկսած (Հենրիկ Հովհաննիսյանից հետո, որն այդ ժամանակ իրեն շատ լավ պահեց եւ ասում էր, որ պետք է Կոմիտաս լսենք, դասականներին լսենք), ով եկավ, ասաց` ինչքան վատ` այնքան լավ, ինչքան փուչ ու անիմաստ` այնքան լավ: Ասում էին, որ վերեւից իջած հրահանգ է: Հիմա կարող եք ասել, որ նոր թատրոններ բացվեցին, նախագծեր են արվում` ինչի՞ց եք դժգոհ: Ներկայացման միջից հանված է հանունը, այն, ինչի համար որ արվում է: Պարզապես ներկայացում է, նայում ես, ծիծաղում ու դուրս գալիս: «Խաթաբալադան», «Մեա Կուլպան» եւ «Ժանգոտ բանալին» վերլուծություն էին եւ մեր ապագայի մասին էին: Գուցե հիմա էլ ինչ-որ բաներ կան: Արցախից մի Ռուզան կա, որ, հավանաբար, անում է: Էլի կլինեն, բայց այդ ներկայացումները չեն այսօր առաջ մղվողը, այսօրվա մոտեցումը: Այսօր «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Չկա կին, չկա պրոբլեմ» կամ «Տիկին նախարար»․․․ այդպիսի բաներ են, հիմար կոմեդիաներ, որոնց ասում են` օճառի պղպջակներ: Նայում եմ առաջարկը եւ տեսնում, որ սա է` ներկայացումը զրկված լինի իր առանցքայնությունից: Այսօր, որ պետք է խոսվեր Մաշտոցից, Նժդեհից, հայկականությունից, դրանք ծալել, մի կողմ են դրել: Շուտով Արարատն էլ կարգելվի բեմից ասել, հայոց լեզուն էլ եւ լիքը բաներ: Ես չեմ զարմանում, դա է ծրագիրը: Այդ չկայացածության ատելությունն է, այդ զրոների խումբը` քայլիստներն ու քայլուհիները, որ զրոներ են բացարձակ` մարդկային եւ մասնագիտական: Դատարկություններ, որոնք եկել են ոչնչացնելու համար, սա է գերագույն նպատակը, ի՞նչ խաղաղություն, ի՞նչ բան: Ես հիշում եմ Ալիեւի դեմքն այն ժամանակ, երբ վերելակից դուրս էր գալիս, զարմացել էր: Իսկ թե ինչ էին խոսել, ինչ էր առաջարկել, չգիտենք: Հետո մահացան թիկնապահները, այդ երկու վկաները: Այդ ժամանակ իմ երեւակայությունն ինձ արդեն հետագան հուշում էր, իսկ ով չունի երեւակայություն, թող նայի սրանց քայլերը, փաստերով նայի ու հասկանա: Այդ իրենց սրտիկը, որ շուռ ես տալիս, դառնում է ղառ, իսկ ղառը թղթախաղում ամենադուրեկանը չէ: Իրենք ամեն ինչ հուշում են: Չարն ասում է, որ նախ մարդուն պետք է զգուշացնեմ, թե ինչ պետք է անեմ, որ ինքն ընտրություն կատարի:

– Ինչքան՝ վատ, այնքան՝ լավ: Դրա՞ արդյունքում ունեցանք հասարակության մի զանգված, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում:

– Չի՞ հասկանում, թե՞ կողի է ընկել, էլ ի՞նչ կա չհասկանալու: Թուրքը գալու է, եւ կարծում եք՝ վտանգ չկա: Պատմություն ունեք, բացեք ու նայեք, թե ինչ է եղել թուրքի ժամանակ: Ես չգիտեմ, իսկապե՞ս չեն հասկանում կամ գուցե հիպնոսի տակ են:

– Եթե մի երկրում մոռացության են մատնվում, ուրացվում են արժեքները, ի՞նչ մշակույթ պետք է ստեղծվի:

– Հիմա անդեմ, հնազանդ նապաստակներ են աշխատում, իլյուզիան կա, որ արվում, ստեղծվում է, որ ամեն բան իր տեղում է: Եթե արվեստագետը, ցանկացած երկրում, ընդդիմադիր չէ, հաշտ է ամեն ինչի հետ, այդ երկրում արվեստ չի կարող ստեղծվել: Դու պետք է աստվածային հարմոնիային ձգտես, իսկ լալկան, վախեցող զրոներից զրո է ստացվում: Ո՞ւմ է պետք քո խաղացածը. դու անհատականություն չես, ուղղակի մարդկային զանգված ես: Մեր միջից հոգին են հանում, այն, ինչը երկնքից է մեր մեջ: Եթե դա վաճառում ես, դառնում ես մեֆիստոֆելյան կերակուր: Եվ պատահական չէ, որ դավաճանների ժամանակն է, տեսեք՝ մի թատրոնում աշակերտը դավաճանում է իրեն կայացրածին, մեկ ուրիշը՝ իրեն բերողին: Ամբողջ կեղտը դուրս է գալիս ջրի երես, ուղղակի այս կեղտը պետք է հավաքել ու վառել: Մի բան էլ կուզենայի ասել, որ 30 տարի է՝ մեր երկիրը չի տեսել պատիժ, ոչ ոք չի պատժվել արածի համար, այ, դրա հետեւանքն է այս ամենը: Ով եկավ՝ ավերեց, հետո հրաժարական տվեց եւ գնաց: Հետեւանք չկա, ուրեմն կարելի է ավելի վատն անել: Եթե մարդը պաշտոնի է նշանակվում, պետք է ասի, թե ինչ է անելու 1 ամսից, 2 ամսից: Այնպես չլինի, որ ասի` Արցախը Հայաստան է, եւ վերջ, հետո ասի` Ղարաբաղը Ադրբեջան է: Դրա համար պետք է տեղնուտեղը պատիժ լինի: Նույնը` կոռուպցիայի դեպքում եւ ամեն ինչի դեպքում, պետք է հետեւողական լինենք ու պատժենք:

– Թուրք վերլուծաբաններն անթաքույց ասում են, որ Նիկոլին պաշտպանում են Ադրբեջանը, Թուրքիան, Արեւմուտքը եւ ասում` ալլահը պաշտպանի Փաշինյանին:

– Նրանց հույսն այն է, որ մենք այնքան ախմախ ենք, որ իրենց ասածը կընդունենք որպես ճշմարտություն եւ կասենք` մեր բարեկամն են, տեսեք՝ թուրքը փոխվել է: Բացատրելու բան չկա, շատ ստույգ բացատրում էին Անդրանիկը եւ Նժդեհը, եթե լինում էր դավաճան, արդեն հասկանալի է, թե ինչ էր դրա հետ պատահում, եւ դա լինում էր դաս: Բայց հիմա երեւի մենք այդ ազգն ենք դարձել: Ես տեսել եմ երկու ազգ, մեկն 88-ի ազգն էր, մեկն էլ սա է: Բան չունեմ ասելու, կարող ես մեկ անգամ խաբվել, երկրորդ անգամ խաբվել, բայց շարունակ, անվերջ՝ ես չունեմ դրա բացատրությունը: Նախ էլեմենտար ճաշակի բացակայություն է, քեզ ամեն տեղ ներկայացնում է այս դեմքը, դու ամենուր ներկայանում ես այս դեմքերով: Ես մի օր պետք է նստեմ ու շարադրեմ, թե դեռ ինչեր են անելու, ինչեր են բերելու: Ոչ մի բանից չզարմանանք, թույլ ենք տվել, եթե հանկարծ նորից թույլ տանք…

– Ի՞նչ եք սպասում հունիսի 7-ի ընտրություններից:

– Ես հիմա, ցավոք սրտի, չեմ տեսնում, որ ընդդիմությունը կռվում է դավաճանության դեմ: Գուցե դա բարձրաձայն չի՞ ասվում: Երբեմն հակառակն եմ տեսնում: Օրեր առաջ մեկն ասում էր` գուցե Արարատ Միրզոյանը հիանալի պատմաբան է: Ոչ, Արարատ Միրզոյանն այս թիմից է, նա չի կարող հիանալի որեւէ բան լինել: Այս թիմի հետ լինողը չի կարող լավ բանի հետ առնչություն ունենալ` այդքանը տեսնելուց, այդքանի վկան լինելուց հետո: Նախ, չի բացահայտվում ոչինչ, իսկ ես համոզված եմ, որ ասելու շատ բան ունեն, որովհետեւ շատ բան գիտեն եւ գիտեն իրենք իրենց գաղտնիքները: Եթե մեկն ասաց, մյուսն էլ է ասելու, ես այդ վաբանկն եմ ուզում: Ո՞ւր է այն պատիժը, որ պետք է խոստանան, ո՞նց է լինելու չարի վերջը: Այդ հանգուցալուծումն է պետք եւ կանոնը` այսուհետ ապրելու:

– Ով էլ ասում է` պատժել է պետք, ասում են` այ, սրանք ռեւանշիստ են, պատերազմ են ուզում: Հասարակության մի զգալի մասն էլ է, չէ՞, այդպես մտածում:

– Իսկ Արցախն ի՞նչ պիտի լինի, չպիտի՞ վերադառնա, պիտի մնա այսպես, ոնց որ կա՞: Բնական է, պատերազմ չեմ ուզում, պատերազմից հիմար բան չկա: Բայց այդպես կարող են ինձ շատ բաներով վախեցնել, թե հաց մի առ` պատերազմ կլինի, ջուր մի խմիր` պատերազմ կլինի: Մառազմը կարող է այդտեղ հասնել, որովհետեւ սա մառազմի գերաճած վիճակն է: Եվ հետո, ինչից վախեցար` գլխիդ կգա, իսկ եթե չվախեցար, արդեն դիմացինդ կմտածի` ինչո՞ւ չի վախենում: Մի օր պիտի այս մղձավանջը վերջանա, հուսով եմ` հունիսի 7-ին: Բայց նահանջող կողմը, որը վերջանալու է, գիտակցելով, քանի որ նրանք թեպետ զրո են, բայց անգիտակից չեն, թե ինչին են մասնակցել, հաջորդ օրը նրանց համար լույսը դժվար է բացվելու: Դրա համար էլ կատաղի կռիվ է լինելու: Իսկ ի՞նչ էր Եվրոպայի այս գալ-գնալը, այս «եվրադվիժենիները»: Մենք իրեն պարտք չենք, մենք իրեն պարտք ենք որպես 2 օրվա զինվոր` մեր ամբողջ ազգաբնակչությունը: Վրաստանին էլ, չէ՞, մի երկու օր էին տվել, թե երկու օր կդիմանաք Ռուսաստանին: Ու դրանից հետո թուրքը գալու է այստեղ` պնդուկ ցանի, կամ մի բելգիացի` խոզ բազմացնի: Դա պետք է գիտակցել եւ դառնալ հայ ազգ: Ես չեմ էլ ուզում մտածել ամսի 8-ի մասին, իմ օրացույցը, ինչպես մայաների մոտ էր նշված, հունիսի 7-ին վերջանում է: Ես հիմա չեմ ուզում մտածել վատի մասին, վատն ինձ համար այն է, որ այս վիճակը շարունակվի, այս քայլիստները շարունակվեն: Սրանք հենց այնպես չեն գնալու, սրանք պիտի պատասխան տան այս ամեն ինչի համար: Բայց հանկարծ այնպես չլինի, որ սրանք իշխանությունը տան իրենց ստեղծած ընդդիմությանը: Երկիրն արմատական հայանա: Հիմա ո՞վ է այդ հայը, ո՞վ է հաղթողը, ես դեռ մտածում եմ: Ախր, ի՞նչ կարիք կա՝ նորից ու նորից համոզվել, մենք եզրակացություն չենք անում, մեր սխալներից դաս չենք առում ու հաջորդ անգամ նույն սխալը կրկնում ենք: Դրա համար էլ մեր դեմ կռվելու ձեւը գիտեն, մեր միջից են դավաճան գտնում, միշտ եղել է այդպես: Բերդը ներսից է քանդվում: Չգիտեմ, առաջ Աստված: Մեր Տիրոջը արժանի լինենք, արժանի լինենք, որ նա լինի մեզ Տեր: Այդուհանդերձ, այս կյանքն անցնելու է, ով ինչքան ուզում է դիզած լինի, դուռը բացվելու է, մտնելու է մի տեղ, այնտեղ պատասխան տալու տեղն է: Եթե նույնիսկ այստեղ պատասխան չտվեցին, տալու են այնտեղ, ես վստահ եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *