Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում ԵՄ ներկայացուցչի պաշտոնի համար Եվրամիության ղեկավարությունում քննարկում են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի թեկնածությունները։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրները պարբերականին հայտնել են, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները բանակցությունների հնարավոր թեկնածուներին կքննարկեն հաջորդ շաբաթ Կիպրոսում կայանալիք հանդիպման ժամանակ։ ԵՄ որոշ երկրներ առաջարկել են նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոյի թեկնածությունները։
Այժմ նախաձեռնության շուրջ քննարկումներն ընթանում են տարբեր մակարդակներում, և չի բացառվում, որ ԵՄ ղեկավարներն այս հարցը բարձրացնեն նաև հունիսին կայանալիք գագաթնաժողովում։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ում կցանկանային Ռուսաստանից հասնել կրակի անհապաղ դադարեցման և ռազմաճակատի ներկայիս գծերի սառեցման։
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ուկրաինան աջակցել էին ուկրաինական կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումներ սկսելու ԵՄ գաղափարին։
Եվրամիությունը 2022 թվականին սկսված ուկրաինական հակամարտությունից հետո փակել էր Մոսկվայի հետ հաղորդակցության բոլոր ուղիները։