Եթե Քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իր զրպարտությունը, մենք կդիմենք դատարան. Նարեկ Կարապետյան

 Ես երբեք չեմ ունեցել և չունեմ որևէ այլ պետության քաղաքացիություն, ես պատրաստ եմ անձամբ գրազ գալ ցանկացած պաշտոնյայի հետ, ով պնդում է հակառակը, և եթե իմ իրավացիությունն ապացուցվի, ապա այդ մարդը պետք է անհապաղ հրաժարական տա։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Քաղաքական գործիչը իր դեմ նախաձեռնված քրեական վարույթը անվանել է վերջին օրերին նախընտրական մրցապայքարում իշխանությունների ոչ ադեկվատ վարքից հանրության ուշադրությունը շեղելու բացահայտ փորձ։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ եթե Քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում պաշտոնական հերքումով հանդես չգա իր կեղծ հայտարարությունների վերաբերյալ, ապա իր պաշտպանները անհապաղ հայց կներկայացնեն դատարան՝ ապատեղեկատվություն և զրպարտություն տարածելու համար՝ պահանջելով կիրառել հայցի ապահովման միջոցներ։

Կարապետյանը նշել է, որ իր թիմն արդեն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ արխիվային քաղվածքներ ստանալու համար, որոնք վերջնականապես կփակեն այս հարցը մեկ-երկու օրվա ընթացքում։

Պատասխանելով լրագրողների հարցերին «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաթղթերի վերաբերյալ, որտեղ 2020–ի աղյուսակներից մեկում ինքն իբր նշված էր որպես Ռուսաստանի քաղաքացի, Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, որ խոսքը սովորական իրավաբանական կամ տեխնիկական սխալի մասին է, որը թույլ է տրվել իրավաբանների կողմից փաստաթղթերի ավտոմատ լրացման ժամանակ, և որին ինքը նախկինում պարզապես ուշադրություն չէր դարձրել, քանի որ իր ապագան միշտ կապել է բացառապես Հայաստանի հետ։

Հեգնանքով մեկնաբանելով իշխող կուսակցության ներկայացուցիչների հարձակումները՝ Նարեկ Կարապետյանն առաջարկել է իր շահած գրազի միջոցներն ուղղել գարնանային սրացումներով և հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար անվճար դեղամիջոցների գնմանը, որպեսզի նրանք դադարեն վտանգ ներկայացնել հասարակության համար, մանավանդ որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ։ Այս համատեքստում Կարապետյանը ցավով հիշատակել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ նշելով, որ ժամանակին որպես մասնագետ ընկալվող պաշտոնյան վերջին շրջանում վերածվել է ՔՊ քարոզիչների ամենատխուր պատճենի»։ 

Լրագրողները նաև հետաքրքրվել են Նարեկ Կարապետյանից, թե արդյոք նա չի նախատեսում իր համար մայրենի լեզվի դասընթացներ կազմակերպել՝ իր խոսքի առանձնահատկությունների պատճառով, ինչին ընդդիմադիր գործիչը պատասխանել է, որ հայերենը անչափ հարուստ լեզու է, իսկ ինքը ազատ տիրապետում է Մուշի հին բարբառին, որով դարեր շարունակ ստեղծվել են Մատենադարանում պահվող միջնադարյան ձեռագրերը՝ հավելելով, որ բարբառների իմացությունը ազգային արմատների հետ կապի կարևորագույն նշան է։

Նա նաև իրավապահներին կոչ է արել զբաղվել ազգային անվտանգության իրական սպառնալիքներով՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին երկրում տարօրինակ կերպով դադարել են բացահայտել թուրք-ադրբեջանական գործակալական ցանցերը, մինչդեռ իրական թշնամական ազդեցության բացահայտումն ու չեզոքացումը պետք է լինի պետության գլխավոր առաջնահերթությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է անհայտ ծագման փաստաթուղթ և գրել. «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։ Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել է․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

Ավելի ուշ հարցին անդրադարձել է նաև ԿԸՀ–ն՝ հայտնելով, որ սահմանված կարգի համաձայն, թեկնածուների գրանցման գործընթացի ընթացքում ԿԸՀ-ն ստուգել է «Ուժեղ Հայաստան» ընտրական ցուցակում առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի փաստաթղթերը՝ նրա բացառապես ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ։ Բնականաբար, ԿԸՀ-ն կարող էր նրան գրանցել միայն այն դեպքում, եթե նա ունենար ՆԳՆ համապատասխան բաժնի կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում էին նրա վերջին 4 տարում ՀՀ -ում մշտական բնակության և բացառապես ՀՀ քաղաքացի լինելու մասին։

Այնուամենայնիվ, մայիսի 20-ի առավոտյան Քննչական կոմիտեն հայտարարել է քրեական գործի հարուցման մասին՝ կապված Նարեկ Կարապետյանի կողմից «այլ պետության քաղաքացիության մասին տեղեկատվությունը» թաքցնելու հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *