Թուրքիայի կրթական համակարգում հերթական խմբագրումներն են կատարվել․ մինչ այժմ «Հայկական հարց» կամ «Հայկական խնդիր» անվանմամբ ներկայացվող թեման, ըստ Թուրքիայի նախարարության, Թուրքիայի աշակերտներին և ուսանողներին կներկայացվի այլ անվանմամբ՝ որպես «անհիմն հայկական մեղադրանքներ»։
Զուգահեռաբար, Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կիրառված տեղահանության քաղաքականությունն այլևս չի ներկայացվի որպես «Տեղահանության օրենք» (Tehcir Kanunu), այլ՝ «Վերաբնակեցման օրենք»։
Թուրքիայի կրթության նախարարությունը որոշել է վերանայել դպրոցական դասագրքերում հաճախ օգտագործվող մի շարք արտահայտություններ՝ միաժամանակ մեկնարկելով նաև նահանգներին հատուկ ուսումնական ծրագրերի մշակման գործընթաց։
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Այս շաբաթ Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը, անդրադառնալով դասագրքերում կիրառվող մի շարք տերմինների, որոնք միջազգային շրջանառության մեջ ընդունված են, հայտարարել է դրանց վերանայման անհրաժեշտության մասին՝ առաջարկելով, իր բնորոշմամբ, «ճիշտ» տարբերակների կիրառումը։
Թերևս հայերի համար առավել ուշագրավը հայերին և 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը վերաբերող տերմինաբանության փոփոխությունն է։ Կրթության նախարարը խոսել է նաև այս թեմայի վերանայման անհրաժեշտության մասին՝ կրկին շեշտելով թուրքական պաշտոնական դիրքորոշումը, համաձայն որի՝ հայերի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելու փաստը թուրքական պետությունը շարունակում է մերժել։
Յուսուֆ Թեքինը անդրադարձել է նաև այլ պատմական տերմինների փոփոխությանը։ Մասնավորապես՝ Խաչակրաց արշավանքներ ձևակերպումը, որն օգտագործվում է պատմագիտական գրականության և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ, թուրքական դասագրքերում կփոխարինվի «Խաչակրաց հարձակումներ» ձևակերպմամբ։
«Մեր գրականության մեջ դա կարող է անվնաս թվալ, բայց երբ ասում ենք «արշավանք», դա հնչում է ընդունելի, գրեթե անվնաս։ Սակայն դա հարձակում էր։ Հետևաբար, մենք հեռացրել ենք «Խաչակրաց արշավանքներ» տերմինը ուսումնական ծրագրից և փոխարինել այն «Խաչակրաց հարձակումներ» ձևակերպմամբ։ Դա ճիշտ տերմինն է»,- հայտարարել է նախարարը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայեցակարգային այս վերանայումը դասագրքերում տերմինաբանության ավելի լայն փոփոխությունների մի մասն է։ Ըստ հրապարակումների՝ «Կենտրոնական Ասիա» տերմինը, որը տարիներ շարունակ դասավանդվել է որպես թուրքերի նախնիների հայրենիք՝ նախքան Անատոլիա հասնելը, այսուհետ դպրոցական նյութերում կներկայացվի որպես «Թուրքեստան»։
Նմանապես, «Հայտնագործությունների դարաշրջան» տերմինը, որով բնութագրվում են 15-րդ դարից սկսված աշխարհագրական հետազոտական ճանապարհորդությունները, Թուրքիայի կրթության նախարարության նախաձեռնությամբ կփոխարինվի «Գաղութատիրության քաղաքականություն» ձևակերպմամբ։ Բացի այդ, դասագրքերում ներառվելու են նաև նոր գաղափարական և քաղաքական շրջանակներ, այդ թվում՝ ծովային իրավունքի և տարածքային հավակնությունների համատեքստում կիրառվող «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգը, ինչպես նաև բնապահպանական ուղղվածությամբ «Կանաչ հայրենիք» հասկացությունը։ Թուրքիայի կրթական քաղաքականության այս փոփոխությունները ցույց են տալիս, որ այն շարունակում է ոչ միայն պահպանել, այլև ինստիտուցիոնալ մակարդակում ամրապնդել պատմության նկատմամբ իր պաշտոնական մեկնաբանությունը՝ այն ներառելով դպրոցական կրթության մեջ։
Տերմինների փոփոխությունը պարզապես լեզվական կամ խմբագրական բնույթ չի կրում․ այն պատմական իրադարձությունների և գործընթացների քաղաքական մեկնաբանման փորձ է՝ ուղղված նոր սերնդի աշխարհընկալման ձևավորմանը։
Հատկապես 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձևակերպումների փոփոխությունը կարող է դիտարկվել որպես ցեղասպանության ժխտողականության նոր փուլ՝ արդեն կրթական համակարգի միջոցով փոխանցվող մակարդակում։