Միացյալ Նահանգները եւ ԵՄ երկրները շարունակում են արտաքսել Հայաստանի քաղաքացիներին եւ ոչ միայն Հայաստանի, բայց մեզ հետաքրքրում են հենց նրանք: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս տարի արդեն երրորդ ինքնաթիռն է Գերմանիայից հայ վտարանդիներ տեղափոխում Հայաստան: Վերջին ինքնաթիռը Երեւանում վայրէջք կատարեց օրերս: Դրանից էլ մի քանի օր առաջ՝ մայիսի սկզբներին, ԱՄՆ-ից նույն առաքելությամբ եւս մի ինքնաթիռ էր վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Նույնը կատարվում էր նաեւ անցյալ տարի: Հայաստանի իշխանությունները հրաժարվում են պաշտոնական տեղեկություն տրամադրել, թե քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել ԵՄ երկրներից եւ ԱՄՆ-ից: Այդ տեղեկությունը պետական գաղտնիք չէ, բայց իշխանական գաղտնիք է:
Նիկոլ Փաշինյանը, որը դեռեւս զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հպարտանում է, որ Հայաստանից ոչ միայն արտագաղթն է դադարել, այլեւ անցած տարվանից սկսվել է ներգաղթ: Փաշինյանը դա փորձում է ներկայացնել որպես իր իշխանության հաջողություն, իբրեւ թե Հայաստանում այնքան լավ է, որ ՀՀ քաղաքացիներն այլեւս ցանկություն չունեն գնալ ԱՄՆ, ԵՄ կամ Ռուսաստան, այլ, ընդհակառակը՝ կամավոր վերադառնում են Հայաստան: Ո՛չ արտագաղթի կանգնելը կապ ունի Փաշինյանի եւ նրա իշխանության գործունեության հետ, ո՛չ էլ, առավել եւս՝ ներգաղթը: Ինչպես ասացինք` ՀՀ քաղաքացիներին պարտադրաբար արտաքսում են, եւ ՀՀ իշխանություններն էլ թաքցնում են արտաքսվածների թիվը, որովհետեւ կարող է պարզվել, որ Հայաստանի բնակչությունն աճում է հենց այնքանով, որքան որ արտաքսվածների թիվն է, կամ, որ ավելի վատ է` դրանից էլ պակաս:
ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները, նաեւ՝ Ռուսաստանը, նախկինում խրախուսում էին իրենց երկրներ ներգաղթը, համենայնդեպս, կոշտ միջոցներ չէին ձեռնարկում ներգաղթողների նկատմամբ: Այդ երկրներն ունեին էժան աշխատուժի կարիք, եւ ներգաղթողները, այդ թվում՝ ՀՀ-ից, բավարարում էին այդ պահանջարկը: Հիմա իրավիճակը փոխվել է. տնտեսական իրավիճակն ինչպես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, այնպես էլ Ռուսաստանում վատանում է, գները թանկանում են, արտադրությունները փակվում են, աշխատատեղերը կրճատվում են, եւ նույնիսկ քաղաքացիները շատ ժամանակ չեն կարողանում աշխատանք գտնել: Բոլոր երկրները խստացնում են իրենց միգրացիոն քաղաքականությունը՝ կանխելու ներգաղթը, քանի որ սեփական քաղաքացիների գործազրկությունն առաջացնում է սոցիալական լարվածություն, անգործ, անաշխատանք, անեկամուտ մարդը գլխացավանք է պետության համար: Սեփական քաղաքացիներին չես արտաքսի, իսկ փախստականներին շատ հեշտությամբ բռնում ես, նստեցնում ինքնաթիռ եւ ուղիղ այն երկիրը, որտեղից եկել է:
Այն մարդիկ, ովքեր մտադրություն ունեին փախչելու Հայաստանից, հասկանում են, որ իրենց չեն սպասում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ ԵՄ-ում, Ռուսաստանում էլ պատերազմ է՝ դրա բոլոր հետեւանքներով: ԱՄՆ-ում ապրող ծանոթ փաստաբանն ասում է, որ շատ հայեր կամավոր են վերադառնում Հայաստան, քանի որ տաքսու վարորդի եւ առաքիչի աշխատանքով այլեւս հնարավոր չէ ապրել ու տուն պահել, գները բարձրացել են, մարդկանց եկամուտները՝ նվազել: Հայաստանից արտագաղթի դադարեցումը եւ ներգաղթը կապված են ոչ թե Հայաստանում տնտեսական կամ սոցիալական պայմանների բարելավման հետ, այլ արտագաղթի հիմնական երկրներում տնտեսական եւ սոցիալական պայմանների վատացման: Փախչելու տեղ այլեւս չկա, եթե անգամ փախչես էլ, միեւնույն է` շատ կարճ ժամանակ հետո կարող են բռնել եւ արտաքսել: 25-30 հազար դոլարով ԱՄՆ, 5-6 հազար եվրոյով ԵՄ գնալը դարձել է ռիսկային ներդրում, կարող ես նույնիսկ ներդրած գումարդ հետ չբերել:
35 տարի շարունակ Հայաստանը դժգոհություն է արտահանել, դժգոհները միշտ դուրս են եկել երկրից: Ամեն անգամ, երբ իշխանությունից եւ նրա վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները փորձել են ընտրություններով կամ պայքարի այլ միջոցներով երկրում իշխանություն կամ իրավիճակ փոխել ու չեն կարողացել, դրան հետեւել է արտագաղթի հսկայական ալիք: Մարդիկ, տեսնելով, որ չեն կարողանում Հայաստանը փոխել, փոխել են իրենց բնակության վայրը: Հիմա այլեւս այդ հնարավորությունը չկա, դժգոհությունը հնարավոր չէ արտահանել, դժգոհները չեն կարող այլեւս արտագաղթել: Հայաստանը բարեփոխելն այլընտրանք չունի: Մենք մեր երկրից փախչելու տեղ այլեւս չունենք, մեզ ոչ մի տեղ չեն սպասում, ընդհակառակը` մերժում են, միակ ելքը սեփական երկիրը բարեփոխելն է, այն մեր ձգտումներին եւ երազանքներին համապատասխանեցնելը: