
«Թանգարանային գիշերվա» տոնին հաղորդակցվում են երեւի թե ամենքը, քանի որ մշակութային աուրան, տրամադրությունը թեւածում են ամենուր։ Եվ տոնի առոիթով գոնե մի թանգարանի մասին գրելը թվում է գրեթե պարտականություն։ Այս տարի մտածում էի Միլանի La Scala թատրոնի թանգարանի մասին գրել։ Բայց հետո համարեցի՝ տրամաբանություն չի լինի նրանում, եթե գրեմ Museo Teatrale alla Scala-ի մասին, բայց չգրեմ Biblioteca Ambriosana-յի մասին, որտեղ Լոնարդո դա Վինչիի ձեռագրերի ամենամեծ հավաքածուն՝ Codex Atlanticus-ն է պահվում (ներառյալ «Հայկական նամակներ» անվանումը ստացած էջերը), կամ Santa Maria delle Grazie վանքի մասին, որտեղ դա Վինչիի L’Ultima Cena որմնանկարն է (թարգմանաբար՝ Վերջին ընթրիք, որ մեզ մոտ, չգիտես ինչու, կոչում են՝ «Խորհրդավոր ընթրիք»), Quadrilatero della Moda-ի մասին, որը բարձր (Haute couture) նորաձեւության անփոփոխ սրբավայրն է անցյալ դարի կեսերից ի վեր եւ այլն։ Այսինքն, ստացվում է Իտալիայից էսսեների շարք, որը մի ուրիշ անգամ կգրեմ։
Իսկ «Թանգարանային գիշերվա» կապակցությամբ, որոշեցի գրել մեկ այլ թանգարան-սրահի մասին, որ անցյալ տարվա իմ հայտնագործությունն է եղել, նվիրված է Բեսարաբիայի հայությանը եւ գտնվում է Քիշնեւում։
Армянское подворье-ն, Սբ․ Աստվածածին եկեղեցի
Մոլդովա գնալիս ես տեղյակ չէի, որ այնտեղ կա հայկական համայնք, ոչ էլ Մոլդովայի, Վալախիայի, Տրանսիլվանիայի միջնադարյան իշխանապետություններում հայերի նշանակալից դերակատարության մասին էի լսել։ Իհարկե, ինձ հաճելի էր, որ Քիշնեւում այն փողոցը, որտեղ օդանավակայանից գնալու էի, Strada Armenaesca էր կոչվում, բայց ենթադրեցի, որ ինչպես Երեւանում Մոլդովական, Վրացական, Կիեւյան, եւ այլ փողոցներ կան, այնպես էլ Քիշնեւում, հավանաբար, խորհրդային ժամանակներում Armenaesca անվանակոչված փողոց է դա։ Չկարծեցի, որ Strada Armenaesca-ն կարող է պատմականորեն, ժառանգականորեն հայության հետ կապված լինել։ Այդքան անտեղյակ էի…
Իմ՝ Քիշնեւ ժամանելու հաջորդ օրը ուրբաթ էր եւ երեկոյան քաղաքի կենտրոնական պուրակում, որտեղ մայր տաճարը եւ հաղթական կամարն են, սկսվեց տոնախմբություն՝ երգ, պար, երաժշտություն, հաջորդ երկու օրերին՝ նաեւ հյուրասիրություն, տոնավաճառ… Պարզվեց տոնը կոչվում է «Te salut, Chisinau», տոնում են Քիշնեւի առաջին գրավոր հիշատակության օրը, որ եղել է 4-5 դար առաջ, կազմակերպիչը Քիշնեւի քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանի գովազդային տաղավարներից մեկում էլ, երբ իմացան լրագրող եմ, հայ եմ, բուկլետներ տվեցին, թե՝ վերցրեք, ծանոթացեք, այստեղ Armenian Route-ի մասին էլ կա գրված։
Այդ բուկլետներից սկսվեց իմ ծանոթությունը Քիշնեւի հայկական վայրերի հետ։ Քիշնեւում նաեւ հունական եւ հրեական երթուղիներ ու վայրեր կան, բայց կենտրոնականը, տպավորիչը հայկական վայրերն էին։ Դա այն պատճառով, որ 19-րդ դարում Армянское подворье կոչված կալվածքը, որը պատկանել է հայոց Սբ․ Աստվածածին եկեղեցուն զբաղեցրել է Քիշնեւի (ներկայիս Հին քաղաքի) մեկ քառորդը, եթե ոչ՝ մեկ երրորդը: Մեր վանքապատկան կալվածքը կազմել է 25 десятин (մոտ 27 հա), սկսվել է Strada Armenaesca-ից եւ տարածվել է դեպի արեւմուտք մինչեւ Հին Քաղաքի եզրագիծը։ Այսօր էլ Strada Armenaesca-ում է գտնվում Քիշնեւի կենտրոնական գյուղատնտեսական շուկան։ Քիշնեւի կենտրոնական գերեզմանատունն է կոչվում Армянское кладбище, որովհետեւ մուտքը Strada Armenaesca-ից է, եւ այդպես շարունակ։
Բնականաբար, քաղաքապետարանի բուկլետների, քարտեզների վրա առաջինը փնտրեցի եւ գտա մեր Սբ․ Աստվածածին եկեղեցին, որը խորհրդային ժամանակներում, ինչպես իմ զրուցակից մոլդովացիները պատմեցին, վերածված է եղել աթեիզմի կենտրոնի, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո վերադարձվել է հայությանը։ Այժմ այն գործող եկեղեցի է, հայկական ներկայության եւ ժառանգության կենտրոնը։ Մեր եկեղեցին հնագույններից է Քիշնեւում։ Մոլդովայի մայրաքաղաքի ամենից վաղեմի եկեղեցին Mazarache-ն է՝ կառուցված 1750-ականներին։ Մեր Սբ․ Աստվածածին եկեղեցին էլ գրեթե նույն տարիքն ունի, իսկ ներկա տեսքը ստացել է 1803-ին, հայազգի վաճառական Baron Oganes-ի նվիրատվությամբ վերակառուցվելուց հետո։
Եկեղեցու բակում է ամփոփված Բեսարաբիայի պատմության մեջ ամենանշանավոր հայի՝ Մանուկ բեյ Միրզայանի շիրիմը։ Մանուկ բեյի մասին Մոլդովայի հոդվածաշարում գրել եմ, այստեղ միայն կրկնեմ, որ նա եղել է Բալկանների ամենահարուստ մարդը, մի պահի Օսմանյան արքունիքը նրան համարյա նշանակելիս է եղել Մոլդովայի իշխան եւ Մանուկ բեյի առանձնատանն է բանակցվել ու կնքվել 1812թ․ Բուխարեստի պայմանագիրըը, որով Բեսարաբիան (ներառյալ ներկա Մոլդովան) Օսմանյան կայսրությունից անցել է Ռուսական կայսրությանը։
Ի դեպ, Քիշնեւը Բեսարաբիայի մայրաքաղաք է դարձել 1812-ից հետո։ Մինչ այդ, մի քանի դար Մոլդովայի իշխանապետության մայրաքաղաքը Յասսին էր (Iasi), որն այժմ Ռումինիայում է եւ կրում է Ռումինիայի պատմական ու մշակութային մայրաքաղաքի տիտղոսը։ Iasi-ի հնագույն կանգուն կառույցը, որով փաստարկվում է քաղաքի տարիքը, 1395-ին հիմնադրված հայկական եկեղեցին է, որը նույնպես կոչվում է Սբ․ Աստվածածին։ !812-ին Մոլդովային, Վալախիայի, Բեսարաբիայի հայության թեմակալ առաջնորդ Գրիգոր արք․ Զաքարյանն է առաջնորդարանը Յասսիի Սբ․ Աստվածածին եկեղեցուց տեղափոխել Քիշնեւի Սբ․ Աստվածածին եկեղեցի, որն այնուհետ ծառայել է որպես Բեսարաբիայի եւ Նոր Նախիջեւանի թեմական առաջնորդարան համարյա մեկ դար։
Մեր Սբ․ Աստվածածին եկեղեցին ես կարողացա գնալ միայն Քիշնեւում գտնվելու վերջին օրերին, բայց երկու-երեք անգամ։ Քիշնեւում իմ գտնվելու վերջին օրը համընկել էր Վարդավառի տոնի հետ, երբ եկեղեցու բակում հայերն ամենաիսկական իրարանցում ու տոնախմբություն էին կազմակերպել՝ երաժշտություն, պար, հյուրասիրություն, ծիծաղ, ու մի ամբողջ արհեստական ջրավազան, որպեսզի «ջրոցի» խաղան… Վարդավառի տոնը, արեւի շողերով ողողված մեր եկեղեցին եւ ժպտուն հայկական դեմքերը մնացին իմ ամենավառ հիշողությունը Մոլդովայից։
Իսկ առաջին այցին, առաջին մարդը, ում հետ ծանոթացա մեր եկեղեցում, Տանյան էր, մոլդովացի մի ժպտադեմ եւ բարեհամբույր աղջիկ, ով մեր եկեղեցում է աշխատում։ Հետո ծանոթացա թեմական քահանայի՝ Տեր Սերովբեի հետ, ով Արցախից է, այնտեղ է հոգեւոր ծառայության եղել, 2023-ին Արցախից հեռանալուց հետո ծառայության է կոչվել ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում, այժմ՝ Քիշնեւում։ Համայնքի համախմբման, եկեղեցու հետ կապերը սերտացնելու ուղղությամբ նպատակադրված աշխատում էր, Վարդավառն էլ այդ համատեքստում էր տոնախմբության վերածել։ Համայնքի ղեկավարի՝ Կարենի հետ արդյունավետ համագործակցում էին, պատմեցին, որ Կարենն էր հարցը պարբերաբար բարձրացրել, հետամուտ եղել, որպեսզի տեւական բացակայությունից հետո նորից հոգեւոր հովիվ գործուղվի Քիշնեւ, թեմական կյանք կազմակերպվի։
Վարդավառի օրը ծանոթացա Լուսինեի հետ, ով Հայաստանից էր, դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել, տեղափոխվել Մոլդովա, մասնագիտությամբ իրավաբան է, նաեւ համայնքի իրավական խնդիրներով է զբաղվել։ Լուսինեի ամուսինը գագաուզ էր․ երբ ծանոթացանք ասացի “Ой, я наконец встретила гагауза!”։ Ծիծաղեց․ “Тоже люди, да?”։ Բնականաբար, պատասխանեցի․ “То что люди, не сомневалась… Но было интересно в жизни встретить”։ Իսկ ինչն է գագաուզների պարագայում յուրօրինակ կամ հետաքրքի՞ր․ այն որ էթնիկ առումով նրանք սերում են թյուրքական ժողովուրդներից, բայց դավանանքով քրիստոնյաներ են։ Նույնիսկ վարկած կա, որ գագաուզները թուրքացած բուլղարներ են, եւ ինչը Մոլդովայի իշխանությունների համար սուր խնդիր է՝ գլխավորապես պրո-ռուսական հայացքներ ու կողմնորոշում ունեն։ Ամեն պարագայում Լուսինեն եւ ամուսինեը հրաշալի զույգ էին, իրենց որդին արդեն ուսանող էր, Հայաստանում դեռ չէր եղել բայց կասկած չունեմ, որ կլինի։
Նաեւ այլ ծանոթություններ եղան, սակայն ամենակարեւոր ու թանկագին ծանոթությունը, որ ես ունեցա Մոլդովայում, պրն․ Էդուարդ Ալխազովի հետ էր։
Էդուարդ Ալխազով․ հայ ում մասին պատիվ է գրել
Մեզ ծանոթացրեց Տեր Սերովբեն, Վարդավառի նախօրեին եւ զրուցեցինք մի քանի ժամ՝ այն թանգարան-սրահում, որ պրն․ Ալխազովն է ստեղծել։ Պրն․ Ալխազովը պատմաբան է, պատմական գիտությունների դոկտոր։ Հայերենին չի տիրապետում, իր կապը հայության հետ հայոց պատմությունն է եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին։ “По армянски а не говорю, но душой я армянин”,- ծանոթության սկզբում ասաց պրն․ Ալխազովը։ Ծանոթությունից հետո համարձակորեն կարող եմ ասել՝ ոչ միան հոգով, այլեւ նվիրումով եւ գործերով։
Իր ազգային նվիրումի եւ տարիների գիտական-արխիվային աշխատանքի արդյունքում պրն․ Ալխազովը կարողացել է մոռացությունից փրկել, վերականգնել եւ Սբ․ Աստվածածին եկեղեցուն կից, նախկին առաջնորդարանի շենքում տեղակայված թանգարան-սրահում ներկայացնել մի քանի տասնյակ ականավոր հայազգի գործիչների դիմանկարներ եւ կենսագրություններ, ովքեր նշանակալից դերակատարություն են ունեցել Մոլդովայի պատմության մեջ, հետագայում նաեւ Մոլդովական ՍՍՀ-ի գիտության, տնտեսության տարբեր ճյուղերում։
Յոհան Վոդե (1521-1574), Մոլդովայի տիրակալը ում մայրը եղել է հայ, ստացել է Армянул մականունը։ Վոդեն է Մոլդովայի մայրաքաղաքը հաստատել Յասսիում (Iasi), կարգավորել հարկերը եւ հիմնել երկրի դրամահատարանը։ Մանուկ բեյ Միրզայանի մասին (1769-1817) մի քանի բառ արդեն ասացի․ պրն․ Ալխազովը կենսագրական տեղեկություններից բացի Մանուկ բեյի ամբողջ տոհմածառն էր կազմել՝ մի քանի սերունդ, որը նույնպես թանգարան-սրահի պատին իր պատվաավոր տեղն էր զբաղեցրել։
Իվան Օխահով, Բրոնիսլավ Յանուշեվիչ, Անտոն Դեմյանովիչ՝ բոլորը ազգությամբ հայեր են կրել են ազնվականական տիտղոսներ եւ եղել են Բեսարաբիայի բարձագույն դասի դատավորներ։ Գեորգե Ասակի (1788-1869) Մոլդովայի հայտնի պոետ, դրամատուրգ, թարգմանիչ, ով ազգությամբ հայ է, եղել է Մոլդովայի առաջին սահմանադրությունը ստեղծող հանձնախմբի քարտուղարը, հիմնադրել է Մոլդովայի առաջին թերթը, ամսագիրը, տպագրատունը եւ թղթի արտադրությունը։ Յասսիի հայկական դպրոցների համար կազմել եւ տպագրել է հայերեն դասագրքեր։
20-րդ դարում Կոնստանտին Առուշանով՝ ՊԱԿ-ի գնդապետ, ԽՍՀՄ պատվավոր հետախույզ, 1939-1965թթ․ ծառայել է ԽՍՀՄ հետախուզությունում եւ հակահետախուզությունում, մասնակցել է Հայրենական պատերազմին։ Արշո Փարսադանյան՝ պրոֆեսոր, Քիշնեւի Պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիրներից մեկը, էլեկտրոտեխնիկայի, արտադրություների ավտոմատացման գիտաճյուղի հիմնադիրը Մոլդովայում։
(Շարունակելի)