«Հրապարակ»․ Առողջության ապահովագրությունը` որպես նախընտրական գործիք

Նիկոլ Փաշինյանն իր բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ հավեսով փչում է անվճար բուժօգնության, ձրի դեղորայքի փուչիկները: Երեկ էլ, անցնելով Երեւանի թաղերով, կտրված ձայնով գոռում էր, թե 65+ քաղաքացիները պետության կողմից անվճար բուժօգնություն են ստանում, անվճար վիրահատվում են, եւ որ նման բան նախկինում չի եղել: Բոլոր հանդիպումների ժամանակ նա, պատեհ-անպատեհ, մարդկանց աչքն է մտցնում առողջության ապահովագրությունը՝ այն ներկայացնելով որպես իր իշխանության մեծագույն լավություն, կարծես ինքն ու իր ՔՊ-ականներն են անձնական գրպանից վճարում դրա համար:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիրահատությունների մասին է խոսքը, համընդհանուր ապահովագրության շրջանակում քանի վիրահատություն է կատարվել, եւ ինչ կա թաքնված Նիկոլի նախընտրական հավաստիացումների տակ: Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տվյալներով, համակարգի ներդրումից ի վեր, այսինքն՝ 100 օրում, իրականացվել է 68 հազար վիրահատություն: Այս թիվն ինքնին զարմանալի է: Հավանաբար, այս 68 հազար վիրահատությունների մեջ են մտնում նաեւ տարրական միջամտությունները, ասենք, խալերի հեռացումը կամ մատից փուշ հանելը: Դիմեցինք մասնագետների: «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը վստահեցրեց, որ այս 68 հազարը պետք է ստուգվի, քանի որ նույն առողջապահության նախարարը, օրինակ, սխալ էր ներկայացրել արտահիվանդանոցային այցելությունների թիվը, որից հետո ուղղել են իրենց սխալը եւ ներողություն խնդրել: «Իրենք վերլուծություն չեն անում եւ ահասարսուռ թվեր են հրապարակում նախընտրական շրջանում, բայց այդ թվերը եթե փորձում ես վերլուծել, ակնհայտ է դառնում, որ առողջապահությունն իր նույն հունով գնում է, գուցեեւ՝ ոչ այնքան արագ, նախկինի համեմատ»:

Այս 68 հազարի մեջ, ըստ փորձագետի, մտնում են ոչ միայն անվճար վիրահատությունները, այլեւ համավճարով արված վիրահատությունները, որոնց քանակը մեծ է, եւ որոնք այս կամ այն չափով ֆինանսավորվում են բուժառուների կողմից: «Բացի դա, պետք է նաեւ որակի առումով վերլուծություն անել, համեմատել այս թվերը հանրապետության վիրաբուժական բաժանմունքների մահճակալների ֆոնդի հետ եւ հասկանալ, թե մահճակալների ծանրաբեռնվածությունը որքան է, ու խոսել որակի մասին: Բազմաթիվ ահազանգեր ունենք, որ այնքան շատ են վիրահատություններն իրար հետեւից մտցնում, որ անտիսեպտիկայի, ասեպտիկայի մասին խոսք լինել չի կարող: Մարդիկ խուճապահար դիմում են իրենց խնդիրներով՝ մտածելով, որ ամսի 7-ից հետո չի լինելու այդ ապահովագրությունը, եւ փորձում են, քանի կա այս հնարավորությունը, օգտվել դրանից, անգամ՝ համավճարով: Իհարկե, մարդկանց պետք է հորդորել, որ քանի դեռ կա, թող օգտվեն, բայց առողջապահական կոմպոնենտը եթե հաշվի առնենք, սա խնդրահարույց թիվ է ու բերելու է ե՛ւ վիրաբույժների մասնագիտական այրման, ե՛ւ բարդությունների, որոնք լինում են վիրահատություններից հետո: Օրինակ, երկրորդական կպումով վերքեր: Հայտնի Նեսոյի քարաբաղնիսի մասին է խոսքը, որ ասում է, թե ինչքանը փրկվեցին, ու հետո՝ թե քանի-քանի հոգի են խեղդվել քարաբաղնիսից»,- ասում է Անուշ Պողոսյանը:

Նա հաստատում է՝ այո, այս 68 հազարի մեջ մտնում են նաեւ այնպիսի վիրահատություններ, որոնք ամբուլատոր են եղել՝ պոլիկլինիկաներում, ասենք՝ խալերի հեռացումները, թեթեւ ակնաբուժական վիրահատությունները, որոնց դեպքում հիվանդը նույն օրը գնում է տուն:

Անուշ Պողոսյանի համար այս 68 հազար թիվը տեղի ունեցող «կատաստրոֆայի» վկայությունն է: «Եթե 100 օրում այսքան վիրահատության կարիք կար, ապա 8 տարի էս մարդիկ ո՞նց են ապրել: Ի վերջո, նոր չեն իրենք եկել իշխանության: Իսկ ինչո՞ւ 8 տարի, եթե այս մարդիկ իրոք կարիք ունեին վիրահատության, չեն արվել, ի՞նչ է եղել նրանց ճակատագիրը»,- հարցնում է «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավարը:
ՔՊ-ական իշխանությունն այնպես է ներկայացնում, կարծես իրենցից առաջ անապատ է եղել երկրում` ոչ մի անվճար բուժօգնություն չի եղել առհասարակ: Բայց անվճար բուժօգնություն եւ պետպատվերի շրջանակներում վիրահատություններ միշտ էլ արվել են:

«Երբ որ 2014-2015 թվականներին ներդրվեցին «կյանք փրկող ծրագրերը»՝ սրտի անհետաձգելի վիրահատությունները, ուղեղի, արյան շրջանառության հետ կապված ծրագիրը, այն ժամանակվա նախարարները պարզապես կամերայով չէին գնում մտնում հիվանդանոցներ՝ առանց արտահագուստի, ու հարցնում՝ լա՞վ եք, բուժվե՞լ եք եւ այլն: Այո, դրանք միշտ եղել են, գուցե տարեցտարի են ծավալները մեծացել, բա դրա համար էլ խոսում ենք զարգացման մասին»,- ասում է փորձագետը՝ շեշտելով, որ այդ ամենն արվում է ոչ թե որեւէ մեկի բարեգործությամբ, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մուծած հարկերի հաշվին:

Չմոռանանք նաեւ ապահովագրության միջոցներով վիրահատվողների ահռելի հերթերի մասին, որոնց դիմանալու հնարավորություն եւ առողջություն ոչ բոլորն ունեն: «Իրենք օրենքով դրել են ժամկետ՝ 6 ամիս, որ կարող են հերթագրված մնալ: Կարծում եմ՝ ընտրություններից հետո մարդիկ ավելի երկար կսպասեն, քանի որ այս պահին ապահովագրությունն օգտագործվում է որպես ընտրական պրոցեսի մաս»,- նշեց Անուշ Պողոսյանը: Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, կարծում է, որ հուլիս-օգոստոսից այս ծրագրի իրականացումը կասեցվելու է, որովհետեւ բյուջեում փող չկա՝ այն շարունակելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *