Ինչու է Փաշինյանը մենակ ուտում. սոված թագավո՞ր է, թե՞ ընկեր չունի

Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուտում է մենակ, իսկ մյուսները՝ թիկնազորը, ՔՊ-ականները, կողքին կանգնած նայում են, մոտ չեն գալիս բացված սեղանին։

Ինչո՞ւ է Փաշինյանը միայնակ ուտում առատ սեղանից։

Մասնագետները գուցե հիմնավոր կերպով կպարզաբանեն այս տարօրինակ երևույթը։ Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանի միայնակ ուտելու մասին մի շարք վարկածներ են պտտվում հանրային խոսույթում։

Մարդկանց մի մասը կարծիք է հայտնում, թե Փաշինյանը սոված է, այդ պատճառով է ինքնամոռաց հարձակվում ուտելիքի վրա։ Սովի ժամանակ ուտելու ոչինչ չկա, և հույս էլ չկա, որ կլինի։ Սովի մատնված մարդու մոտ զարգանում է այսպես կոչված՝ սովածի հոգեվիճակ, որը մարդու մոտ պահպանվում է երկար։

Օրինակ՝ Երկրորդ աշխարհամարտից հետո սով էր Հայաստանում։ Արևմուտքը հաց չէր տալիս, իսկ ԽՍՀՄ տնտեսությունը ռազմական արտադրանքի վրա էր սևեռված։ Ուտելու բան չկար։ Այս սովը տեսած մարդկանց մոտ սովածի հոգեվիճակը պահպանվել է տասնամյակներ շարունակ։ Ջեկ Լոնդոնի հայտնի վիպակի հերոսը մի քանի շաբաթ քաղցած անցկացնում է անապատում, մի կերպ ողջ է մնում, սակայն դրանից հետո՝ մի քանի տարի այդ հոգեվիճակն ուղեկցում է նրան, և նա գրպանում և ներքնակի տակ պաքսիմատ է պահում։

Նկատենք, որ սովածի վարկածը թույլ է, քանի որ չկան խոստովանություններ կամ վկայություններ, որ Փաշինյանը կյանքի ինչ-որ հատվածում տևական ժամանակ սոված է մնացել։

Մեկ այլ վարկածով՝ Փաշինյանի մենակ ուտելն աշխարհընկալման խնդիր է։ Մարդաբանները կարծում են, թե միլիոն տարի առաջ մարդիկ ապրում էին քարանձավում, մամոնտ որսում միասին, սակայն ընդհանուր սեղան չկար, ամեն մեկն իր մի կտոր մամոնտի միսն ուտում էր առանձին՝ քարանձավի մի անկյունում, շուրջը հայացք նետելով, որ մեկ ուրիշը չխլի իր պատառը։ Միասին ուտելու ծեսը զարգացել է մարդկության զարգացմանը զուգահեռ։

Բանասերներն ասում են, թե «ընկեր» բառը ծագել է միասին ուտելու ծեսից։ Սննդաբանները խորհուրդ են տալիս ընկերովի ուտել, խմել, քանի որ սիրելի, հարազատ մարդկանց միջավայրում ընդունած սնունդը լավ է մարսվում և քիչ վնաս պատճառում առողջությանը։ Միասին ուտելու ծեսը նաև ամրացնում է նրանց միջև եղած ընկերությունը, բարեկամությունը, հարգանքն ու սերը, միավորում նրանց ընդհանուր երազանքների, արժեքների, իդեալների շուրջ։ Որոշ մարդիկ սկզբունքորեն չեն ուտում օտար, խորթ մարդկանց միջավայրում։ «Նրա հետ մատաղ ուտելու էլ չեմ գնա»՝ ժողովրդական խոսքի իմաստն այն է, որ անցանկալի, խորթ մարդկանց հետ չեն սնվում նույն սեղանից, նույն միջավայրում։ Արդյո՞ք Փաշինյանը ՔՊ-ականների ու թիկնապահների համար խորթ է, օտար, մերժելի։

Մենակ ուտելու մասին կա նաև, այսպես կոչված՝ թագավորական վարկած։ Նախկինում թագավորները միայնակ էին ուտում։ Թագավորի սեղանից օգտվելն առանձնահատուկ շնորհ էր։ Թագավորի միայնակ ուտելու կարծրատիպը կոտրեց Թոմաս Մելորին «Արթուր արքայի» մասին վիպաշարում, որտեղ թագավորն ասպետների հետ միասին նստում էր կլոր սեղանի շուրջ, որը հավասարության և կոլեգիալ կառավարման խորհրդանիշ էր։ Կլոր սեղանի ասպետների սոցիալական երազանքն էր, որ թագավորը կտրված չլինի իրականությունից ու ժողովրդից, ընկերներ ունենա, նրանց հետ միասին քաղաքականություն որոշի։

Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք երկրի ղեկավարին, անկախ նրա ծագումից, թագավոր են ընկալում, չեն հասկանում, որ մեզ մոտ ժողովրդավարական պետություն է, քաղաքացիական հասարակություն և այլն։ Ենթադրելի է, որ Փաշինյանի թիմակիցներն ու թիկնապահները ևս նրան թագավորի տեղ են դնում, և այդ պատճառով մոտ չեն գալիս Փաշինյանի համար բացված առատ սեղանին։ Սպասում են՝ նա համտեսի առատ սեղանից, ավարտի, հետո մոտենան ու մի բան էլ իրենք ուտեն, եթե Փաշինյանից հետո ուտելու բան մնա։

Կարճ ասած՝ հստակ չէ, թե ինչու է Փաշինյանը մենակ ուտում՝ սովա՞ծ է, ընկեր չունի՞, թագավո՞ր է, թե՞ քարոզարշավի ժամանակ միայն ինքն է քաղց զգում, իսկ մյուսներն օդով են սնվում կամ թաքուն ուտում քարանձավի իրենց անկյուններում։


Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *