Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և աջակիցների գործով հերթական դատական նիստում Իգոր Սարգսյանի փաստաբանը դատարան ներկայացրեց Սարգսյանի առողջական վիճակի մասին փաստաթղթեր, նշեց, որ այդ վիճակի հետ խափանման միջոց տնային կալանքն անհամատեղելի է։
Բայց դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, մերժեց փաստաբանի միջնորդությունը։ Խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Իգոր Սարգսյանը դիմեց դատարանին ու նշեց, որ իր խափանման միջոցի փոփոխությունն ու առողջական վիճակն այնքան չեն հետաքրքրում իրեն, որքան երկրի վիճակը։
«Փաշինյանը 120․000 հայի ասում է՝ ինչո՞ւ ողջ մնացիք, մեռնեիք։ Բա դու ինչո՞ւ չսատկեցիր, ինչո՞ւ մեր գլխին էսքան ցավ ու կորուստ բերեցիր, ինչո՞ւ ես ողջ մնացել»,- ասաց Իգոր Սարգսյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ «խաղաղության» մասին քարոզին՝ նա նշեց․ «Դու պատերազմ տեսե՞լ ես, որ իմանաս՝ խաղաղությունն ինչ է, քո ձեռքերում ընկեր զոհվե՞լ է, որ իմանաս խաղաղությունն ինչ է։ Դրանք ուզում են խաղաղության անվան տակ մատաղ անել մյուսներին»։
Նա հորդորեց ընտրելու իրավունք ունեցողներին գնալ ու մասնակցել ընտրությանը։
«Ընտրեք այնպիսի ղեկավար, այնպիսի առաջնորդ, որը ձեր պատիվը կպահի, որն ազնիվ ու մաքուր ընտանիք ունի, մի խոսքով՝ հունիսի 7-ին ընտրեք համար 17-ին»,- իր խոսքը եզրափակեց Սարգսյանը։