Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։
Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի ապրիլ ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
ՊԵԿ-ից հայտնում են՝ հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 143․1 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․
ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 82 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 17․8 մլն դրամ,
հանրային սննդի ոլորտում՝ 48 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 14.2 մլն դրամ,
մթերային խանութներում՝ 42 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.4 մլն դրամ,
մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 32 խախտում, տուգանքի չափը՝ 7.5 մլն դրամ,
հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 31 խախտում, տուգանքի չափը՝ 8․6 մլն դրամ,
հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 29 խախտում, տուգանքի չափը՝ 7 մլն դրամ,
մսամթերքի առևտրի ոլորտում՝ 25 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 8.3 մլն դրամ,
ավտոպահեստամասերի առևտրի ոլորտում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ 4.3 մլն դրամ,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 17 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 21.1 մլն դրամ,
այլ ոլորտներում՝ 123 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 40.9 մլն դրամ։
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 57 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 126, իսկ տուգանքի չափը՝ 31.5 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․
մթերային խանութի ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 16, տուգանքի չափը՝ 4 մլն դրամ,
շինարարության ոլորտում՝ 7 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 18, տուգանքի չափը՝ 4.5 մլն դրամ,
այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 41 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 92, տուգանքի չափը՝ 23 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
կահույքի առևտրի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.8 մլն դրամ,
ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 1 մլն դրամ,
այլ ոլորտներում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ 6.2 մլն դրամ։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։