
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կտրուկ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով նրան Մոսկվայի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարելու մեջ։
Վոլոդինն իր Telegram ալիքում շեշտել է, որ երկրների միջև հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ հարգանքի, չմիջամտելու և փոխշահավետ համագործակցության վրա։ Աակայն, նրա պնդմամբ, Հայաստանի իշխանությունների ներկայիս գործողությունները չեն համապատասխանում այդ սկզբունքներին։
«Պետդումայի պատգամավորների կարծիքով, Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները։ Դա պարկեշտ չէ», – ընդգծել է նա։
Վոլոդինը հիշեցրել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ տնտեսապես, և որ հայ քաղաքացիները հնարավորություն ունեն աշխատելու և իրենց ներուժը իրացնելու Ռուսաստանում։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ Եվրամիությանը նախնական անդամակցության մասին օրենքի ընդունումը և Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ճանաչելը։
Պետդումայի խոսնակի խոսքով՝ ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու Երևանի ցանկությունը հիմնականում պայմանավորված է տնտեսական շահով։ «Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական շահույթի համար շահագործելու փորձ է», – հայտարարել է Վոլոդինը, նշելով, որ միությանը միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում Եվրոպայից գանձվող գնից գրեթե չորս անգամ էժան գնով՝ «իր սեփական վնասին», բայց դրա դիմաց ստանում է «Փաշինյանի սրիկայությանն ու անպարկեշտությունը»։ «Սա չի կարող շարունակվել։ Սա հարաբերություններ կառուցելու միջոց չէ», – հայտարարել է Վոլոդինը։