Երբ չունես մեկը, որ քեզ ասի՝ «կանգ առ», դու խորտակվում ես

Առավոտ շուտ զանգում են ինձ։ Զանգողը 90-ն անց մի պատկառելի հայ է, որը ժամանակին զբաղեցրել է կարևոր պաշտոններ։ Ինչ-որ դեպք է պատմում, «քունը գլխիս» չեմ հասկանում, թե դրանով ինչ է ուզում ասել։ Փորձենք հասկանալ․

«Մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ինչքան հիշում եմ՝ 60-ական թվականներն էին, Վայքի Ազատեկ գյուղ է գնում։ Ինձ պատմել է այն ժամանակվա Ազատեկ գյուղի սովխոզի դիրեկտորը։ Արփա գետի ափին ճոխ հյուրասիրություն են կազմակերպում։ Թթի մաքուր օղի են հյուրասիրում։ Լավն է լինում, մարշալը առաջին բաժակը խմում է։ Երկրորդն են լցնում։ Թիկնապահն աննկատ երկրորդ բաժակի պարունակությունը թափում ու ջուր է լցնում։ Սովխոզի դիրեկտորը տեսնում է, որ մարշալը նկատում է, բայց ձեն չի հանում։ Լուռ ու մունջ հնազանդվում է թիկնապահին։

Մարշալի թիկնապահը հայ է լինում։ Հետագայում, երբ նույն մարդը մի այլ առիթով թիկնապահին հիշեցնում է դեպքի մասին, նա ժպտում է․ «Ցանկացած մարդ էլ գայթակղություն կարող է ունենալ, կարող է սխալվել։ Նրան մոտիկ կանգնած մարդը չպետք է թույլ տա»։

Ինչևէ, որպես սովորական մի դրվագ լսում եմ։ Բայց երբ թերթում եմ օրվա լրահոսը՝ նախընտրական շեմին ձերբակալությունները, նոր հասկանում եմ, թե ինչ էր ուզում դրանով հասկացնել տարիների մեծ փորձ ունեցող, իմաստնացած մարդը և ինչու էր անընդհատ ասում՝ «աչքս չտեսներ»։

Ամեն մարդու կողքին, առավել ևս ղեկավարի, պետք է լինեն մարդիկ, որոնք անհրաժեշտ պահին կասեն՝ «այ մարդ, սխալ ես անում»։ Իշխանությունը ղեկավարի շուրջը շատ արագ լռություն է ստեղծում, ու նրա շուրջ եղածները սկսում են միայն համաձայնել։ Դա ամենավտանգավոր պահն է, որը ղեկավարի անդունդ է տանում։ Այսօր շատ են ասում՝ Փաշինյանի կողքին մեկը չկա՞, որ ասի՝ ի՞նչ ես անում, ինչու՞ ես քո ժողովրդի համար այդքան ատելի, անտանելի դառնում։ Ինչու՞ ես մարդկանց բերանը փակում, որ չխոսեն։ Ինչու՞ ես ձերբակալում քո երեսին ճշմարտությունն ասող մարդկանց։ Նրանք ոչ քեզ թշնամի են, այլ քո սխալները տեսնողն ու բարձրաձայնողը։ Երբ սկսում ես մեկ-մեկ չեզոքացնել, ձերբակալել կամ լռեցնել քեզ քննադատողներին, վերջում մնում ես միայն քո արձագանքի հետ։ Իսկ մարդը, որը այլևս հակադարձ խոսք չի լսում, կամաց-կամաց սկսում է հավատալ, որ երբեք չի սխալվում։ Դա ամենավտանգավոր վիճակն է ցանկացած ղեկավարի համար, որի մեջ հայտնվել է Նիկոլ Փաշինյանը։

Ուժեղ մարդը նա չէ, ում ոչ ոք չի վերահսկում։ Ուժեղ մարդը նա է, ով իր կողքին պահում է մարդկանց, որոնք անհրաժեշտ պահին կարող են իրեն կանգնեցնել։ Անահիտ Ավանեսյանը կամ Նիկոլի նշանակած ցանկացած նախարար, իրականում ծառայություն չեն մատուցում նրան։ Նրանք տեսնում, գիտակցում են, թե նա ինչ է անում, բայց լռություն են պահում, դրանով իսկ նրան ավելի մոտեցնելով անդունդին։ Երբ այլևս չկա մեկը, որ երկրորդ բաժակը ձեռքիցդ վերցնի, մի օր արդեն ոչ ոք չի լինելու, որ ասի՝ «բավական է»։ Ինպես այսօր է, երբ իշխանությունը կորցրել ոչ միայն չափի զգացումը, այլ նաև իրականության հետ կապը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *