
Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր կերպարի ներկայացումը՝ արևմտյան պոպուլիզմի ոճով փաթեթավորված (բեյսբոլային գլխարկ, սոցիալական ցանցերի «հերոս» և այլն), արտաքին պարզության ու հասանելիության տակ իրականում թաքցնում է ազգային արժեքային համակարգն աստիճանաբար արևմտյան սպառողական մշակույթով փոխարինելու փորձը։
Հայ ժողովրդի ինքնությունը դարեր շարունակ պահպանվել է երեք հիմնասյուների վրա՝ հավատք, տոհմական կապեր և պատմական հիշողություն։ Այսօր, սակայն, հենց այդ հիմքերն են աստիճանաբար թուլացվում․ եկեղեցին ներկայացվում է որպես պետականությանը սպառնացող ինստիտուտ, հավատքը նահանջում է նյութապաշտության առաջ, իսկ համայնքային համերաշխությունը իր տեղը զիջում է անհատապաշտությանը։ Արդյունքում ազգային մտածողությունը փոխարինվում է սպառողի հոգեբանությամբ։
Դա պատահականություն չէ, քանի որ ազգային արժեհամակարգով ապրող հասարակությանը ՀՀ որևէ ղեկավար դժվար թե կարողանա հիմնավոր բացատրել, թե ինչու է անվերապահորեն կատարում Բաքվի և Անկարայի պահանջները։ Միևնույն ժամանակ, գաղտնիք կամ պարզապես ենթադրություն չէ, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հռետորաբանությունը հաճախ ընկալվում է որպես Բաքվի և Անկարայի շահերին համահունչ օրակարգի սպասարկում։
Հետևաբար այսօր Հայաստանն առաջին հերթին կանգնած է իր ազգային և մշակութային դիմագիծը կորցնելու վտանգի առաջ՝ աստիճանաբար վերածվելով արտաքին ազդեցությունների ներքո ձևավորվող և կառավարվող տարածքի։
Գրիգոր Լալայան