
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:
– Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ` ժամը 8-ին, հրատապ ասուլիսով հանդես եկավ: Ենթադրում ենք, որ Սամվել Կարապետյանի՝ խմբագիրների հետ հանդիպումը կանխելու եւ օրվա օրակարգը թելադրելու համար։ Խոսեց Արցախի մասին եւ, բացառելով Արցախի վերադարձը, անկլավների հարցին անդրադարձավ, խոսեց «պետական դավաճանների» եւ ընդդիմադիր ուժերի մասին, հերթական անգամ ինքն իրեն մեծարեց ու ցեխ շպրտեց ընդդիմադիր ուժերի առաջնորդների վրա:
– Մի շատ կարեւոր դիտարկում, որին պետք է նաեւ մեծ ուշադրություն դարձնեն լրատվամիջոցները. Երբ Փաշինյանը խոսում է սահմանազատման, անկլավների մասին, նա նախ խոսում է Ալմաթիի հռչակագրի մասի, շեշտում է, որ սահմանին կարող են լինել օպտիմալացումներ, այսինքն` սահմանային փոփոխություններ։ Փաշինյանը շեշտում է, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը լինելու է անկախ ամեն ինչից: Երբ խոսք է գնում անկլավների մասին` ադրբեջանական 3 անկլավների եւ Արծվաշենի, ապա այստեղ հետեւյալ խնդիրն է առաջանում. ադրբեջանական 3 անկլավների տարածքը միասին մոտավորպես 43 քառակուսի կիլոմետր է, Արծվաշենը մոտ 31 ք/կմ է: Ես ունեմ որոշակի մտավախություններ․ երբ համադրում եմ այս ամենը, ստացվում է, որ այդ երեք անկլավները փոխանակում են Արծվաշենի հետ: Այդ պարագայում ստացվում է, որ մենք Ադրբեջանին նորից պարտք ենք մնում մոտ 12 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը մոտավորապես Արաքսի երկայնքով միջանցք է: Եթե նման բան տեղի ունեցավ, ապա դա իշխանությունները կանվանեն օպտիմալացում: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մշտապես այդ թիվը ֆիքսում: Թիվը ֆիքսելը սխալ է, որովհետեւ ամենակարեւորն այդ թիվը չէ, այո, թիվը եւս կարեւոր է, սակայն շատ ավելի կարեւոր է, որ հայկական կողմը շարունակի ունենալ վերահսկողություն հայ-իրանական սահմանի վրա: Սակայն Փաշինյանի ասելով կարող է թիվը պահպանվել, եւ միաժամանակ տեղի ունենալ օպտիմալացում, բայց այդ ամենի արդյունքում մենք կկորցնենք հայ-իրանական սահմանի լիարժեք վերահսկողությունը:
– Փաշինյանը նաեւ խոսել է Արցախ վերադարձի մասին, պնդել, որ չի լինելու վերադարձ: Որքան էլ զարմանալի թվա, նա Արցախը համեմատել է Բաքվի, Սումգայիթի ջարդերի հետ եւ զարմացած հարցրել` ինչո՞ւ սրանց մասին եւս չկա պահանջ:
– Այն, թե ինչու չկա պահանջ Բաքվի եւ Սումգայիթի հետ կապված, պատճառը շատ պարզ է. Լեռնային Ղարաբաղն ինքնավար էր դեռեւս Խորհրդային Միության տարիներին: ԽՍՀՄ փլուզումից հետո այն եւս ուներ հստակ միջազգային կարգավիճակ: Այն ինքնահռչակ պետություն էր, որը դիմել էր միջազգային հանրությանը, որպեսզի քննարկեին իր անկախության հարցը, իսկ միջազգային հանրությունն էլ իր հերթին դա համարել էր լեգիտիմ պահանջ, ինչի արդյունքում ստեղծվեց միջազգային մի կառույց, որը զբաղվում էր այդ հարցով: Անկախ այն բանից, թե այդ ճանապարհով հարցն ինչպես կլուծվեր, այն արդեն իսկ կարգավիճակ էր Լեռնային Ղարաբաղի համար: Այն, որպես ինքնիշխան երկիր, հայց էր ներկայացրել միջազգային հանրությանը, իսկ միջազգային հանրությունն այն ընդունել էր: Երբ դատարան հայց ես ներկայացնում, անկախ այն բանից, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի, հայց ներկայացնողը համարվում է հայցվոր: Լեռնային Ղարաբաղը, կրկնում եմ` ուներ միջազգային կարգավիճակ: Այ, հենց սա է Նախիջեւանի հայության, Բաքվի հայության եւ Արցախի հայության տարբերությունը: Հետեւաբար, դրանք նույն հարթության վրա դնելը խիստ սխալ է: Առնվազն տգիտություն է կարգավիճակ ունեցող Արցախի ժողովրդին համեմատել Մասիսի շրջանում ապրած ադրբեջանցիների հետ: Դրանք իրարից ծայրահեղ տարբեր են:
– Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսել է Անդրանիկ Թեւանյանի մասին ու ասել, որ Հայաստանում կան լրտեսներ, որոնց դեռ հետեւելու են: Պարզ է, որ Փաշինյանի հրահանգով է Անդրանիկ Թեւանյանի դեմ վարույթ հարուցվել: Թեւանյանին մեղադրում են 622 հազար դոլարի դիմաց լրտեսություն կատարելու մեջ: ԱԱԾ-ն առավոտ կանուխ գործի է անցել, փորձում են ահաբեկել ընդդիմությանը: Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանն այս քայլերով:
– Իշխանություններն արդեն քանի ամիս է՝ փորձում են համոզել բոլորին, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում՝ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությանը: Ինչքան ընտրությունները մոտենում են, բնականաբար, այդ թեման ավելի է թեժացվում, այնքան ավելի շատ է այդ մասին խոսվում, հատկապես որ քարոզարշավների ժամանակ Նիկոլ Փաշինյանը համոզվում է, որ իր գործերն այնքան էլ լավ չեն, եւ հեշտ չի լինելու հաղթանակ արձանագրելը, ուստի նա որոշել է այլ սցենարներ մշակել, նա ընդդիմադիր ուժերի դեմ գործեր է հարուցելու, հնարավոր է նաեւ անորոշ ժամկետով կասեցվեն առաջիկա ընտրությունները: