«Հրապարակ». Եթե Հայաստանը կարող է, ինչու ՌԴ-ն չի կարող

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն է։

– Երեկ ռուսական լրատվամիջոցները ողողված էին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստի ժամանակ Հայաստանի հասցեին հնչած աննախադեպ ծանր մեղադրանքներով՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Սերգեյ Շոյգուի եւ այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Մինչ ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանի վարչապետը չի գործում դաշնակցային հարաբերությունների տրամաբանության մեջ, օրինակ՝ Զելենսկուն հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելով, փոխարենն այս ամենի՝ Փաշինյանը պնդում է, որ Ռուսաստանի նախագահի հետ ունի ջերմ հարաբերություններ, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն հայկական կողմը չունի։ Ի դեպ, 2019-ին էլ նույն Փաշինյանն ասում էր, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, սակայն գործողությունները փաստում են լրիվ հակառակի մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ռիսկեր ու վտանգներ կան այս համատեքստում։ Լարախաղացությամբ հաջողության հասնելը Փաշինյանի մոտ իսկապե՞ս ստացվում է ։

– Հայաստանի Հանրապետությունում միայն մեկ մարդ կա, որ կարող է ասել, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, եւ ներկայացնել իրականությունը, եւ այդ մարդը բնավ Նիկոլ Փաշինյանը չէ։ Այստեղ ամենաֆունդամենտալ հարցը տնտեսական հարաբերությունների հնարավոր խզումն է։ Անգամ Ալեքսեյ Օվերչուկը, որը մշտապես, անկախ քաղաքական պրոցեսներից, կողմ է եղել, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը շարունակական լինի, այժմ ասում է, որ պետք չէ Հայաստանին ֆինանսավորել, եթե Հայաստանը համագործակցում է թշնամական կառույցների հետ։ Տարեկան յոթ միլիարդ գումար միայն ՌԴ-ից Հայաստան է գալիս, չենք հաշվում դրամական փոխանցումները եւ մնացյալ գործարքները եւ հայերի արտագնա աշխատանքը Ռուսաստանում։ Ռուսներն ասում են, որ Հայաստանը մեծ շահույթ է ստանում Ռուսաստանի Դաշնությունից, սակայն հրապարակային կերպով համագործակցում է մի կառույցի հետ, որը ՌԴ-ին ցանկանում է բոլոր ասպեկտներում մատնել պարտության։ Ռուսաստանը բաց տեքստով ասում է, որ այլեւս դա չի հանդուրժելու եւ Հայաստանին չի ֆինանսավորելու։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ առանց Հայաստանի համաձայնության եւ առանց կոնսենսուսի հնարավոր չէ, որ ապահարզան տեղի ունենա։ Միջազգային հարաբերությունները երկկողմանի ճանապարհով երթեւեկություն են։ Եթե Հայաստանը կարող է առանց ՌԴ-ի համաձայնության սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանը չի կարող կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս ամենը չհասկանալը առնվազն միամտություն է։ Ռուսական կողմը կարող է պարզապես դատարան դիմել, եւ վերջ, առնվազն այդ ընթացքում Հայաստանի անդամակցությունը կասեցվում է։ Հետաքրքիր կլինի, թե ինչպես են սա մեկնաբանելու Հայաստանի իշխանությունները, թեպետ հույս ունեմ, որ բանը չի հասնի դատական պրոցեսներին, քանի որ կան նաեւ հարցը լուծելու այլ տարբերակներ, սակայն մի բան հստակ է, որ ո՛չ Արարատ Միրզոյանը, ո՛չ Ալեն Սիմոնյանը եւ ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը այս պրոցեսների վրա չեն կարող որեւիցե ազդեցություն ունենալ։ Ռուսաստանում էլ, ինչպես բոլոր երկրներում, կան տարբեր քաղաքական թեւեր, Ռուսաստանում կար մի թեւ, որը կարծում էր, որ Հայաստանի հետ կարելի է հարաբերություններն ամրապնդել բացառապես տնտեսական զարգացման շրջանակներում, սակայն քաղաքական իմաստով ասում էին, որ Հայաստանն ինչ ուզում է, կարող է անել, կարող է անգամ գնալ ԵՄ եւ այլն։ Այս տեսակետը վերջին իրադարձություններից հետո պարզապես պարտության մատնվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *