
Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է Կիևի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով։
Այս մասին պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները և նշում, որ Շևչենկովսկի շրջանի, որտեղ գտնվում է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը, ուղղությամբ արձակված որոշ հրթիռներ ընկել են դեսպանատան շենքից 300 մետր հեռավորության վրա։ Օդային հարվածների հետևանքով դեսպանատան պատուհանները կոտրվել են։
Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքներում հրթիռային հարվածների պատճառով Լուկյանովկայի շուկան և «Կվադրատ» առևտրի կենտրոնը լիովին ավերվել են։ Վնաս է հասցվել նաև մի քանի բնակելի շենքերի։
Բաքվում պարբերաբար պնդում են, թե Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը մի քանի անգամ վնասվել է Կիևի վրա ռուսական ավիահարվածներից։ Վերջին նման միջադեպն, իբր, տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը։
Դրանից հետո Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են ներկայացրել։