Սկանդալ Նիդեռլանդներում. հնագետին բերման են ենթարկել դ’Արտանյանի աճյունը վերադարձնել հրաժարվելու պատճառով

Հնագետ Վիմ Դեյկմանը ստուգման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ հրաժարվել է վերադարձնել հրացանակիր դ’Արտանյանի ենթադրյալ աճյունը, որը հայտնաբերվել էր այն եկեղեցու հետ կապված հետազոտությունների ընթացքում, որտեղ, ըստ նրա տեսության, կարող էր թաղված լինել լեգենդար հրացանակիրը, հայտնել է NOS-ը։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ ոսկորների բեկորները՝ բազկոսկրի վերին հատվածը և երկու ատամ, ուղարկվել էին Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող դատաբժշկական փորձաքննության ինստիտուտ։

ԴՆԹ վերլուծության համար նյութերն այնտեղ հասցրել էր հետազոտողի ծանոթը։ Ավելի ուշ հնագետն ինքը վերցրել է աճյունը Գերմանիայից, ինչը հարցեր է առաջացրել իշխանությունների մոտ։

Նիդեռլանդների ժառանգության պահպանության մասին օրենքի համաձայն՝ ցանկացած հնագիտական գտածո պատկանում է համայնքին, տվյալ դեպքում՝ Մաաստրիխտ քաղաքին։ Սակայն գիտնականը պնդում է, որ փոստով տեղափոխումը չափազանց ռիսկային կլիներ, իսկ փոխանցման այլ պաշտոնական ընթացակարգեր իրեն չեն առաջարկվել։

Երբ մշակութային ժառանգության տեսչության ներկայացուցիչները եկել են ոսկորները վերադարձնելու պահանջով, Դեյկմանը հայտնել է, որ դրանք արդեն պահպանման է հանձնել իր ծանոթին։ Նրա խոսքով՝ դա արվել է, որպեսզի «պահպանվի գտածոն», մինչև իրավիճակը պարզվի։

Ինքը՝ հետազոտողը, պնդում է, որ Մյունխեն կատարած ուղևորությունն ու հյուրանոցը արժեցել են մոտ 500 եվրո, և նա ակնկալում է այդ ծախսերի փոխհատուցում։ Նա նաև հայտնել է, որ վեճն անձնական բնույթ ունի և կապված է նախկին գործընկերների նախանձի հետ, որոնք, իբր, նախաձեռնել են ստուգումը։

Մաաստրիխտի քաղաքապետարանում այս տեսակետին համաձայն չեն։ Իշխանությունները հայտարարել են, որ պեղումները կատարվել են սահմանված մասնագիտական նորմերի խախտմամբ, իսկ աճյունի հետ վարվելու ընթացակարգը պատշաճ կերպով համաձայնեցված չի եղել։

Հնագետն ընդունել է, որ ձևականորեն կարող էին խախտել հնագիտական գտածոների հետ վարվելու կանոնները, սակայն պնդել է, որ գործել է գիտական և պատմական նկատառումներից ելնելով։ Նա իրավիճակն անվանել է «սկզբունքի հարց» և կարծում է, որ հետազոտությունն ունի կարևոր նշանակություն պատմական համատեքստը հասկանալու համար։

Հարցը, թե արդյոք հայտնաբերված աճյունն իսկապես կարող է պատկանել դ’Արտանյանին, մնում է բաց. ԴՆԹ վերլուծության վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *