
Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, ոչ թե ցանկացած հայ ղեկավար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։
Մեդվեդևը հավելել է, որ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև առանձնահատուկ հարաբերությունների հարցը։ «Երբ մենք ծանոթացանք նրա հետ, նա (Փաշինյանը – խմբ.) ասաց. «Դուք ինձ երբեք չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ»»: Մեդվեդևը հավելել է, որ այդ պահին վստահեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարին, որ Մոսկվայի համար «յուրայիններ և օտարներ չկան»:
«Դուք ընտրվել եք ժողովրդի կողմից, և մենք կաշխատենք ձեզ հետ, բայց ձեր կառավարության ուղին կախված է բացառապես ձեզնից։ Եվ մեր միակ իսկական ընկերը Հայաստանի ժողովուրդն է՝ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը։ Մենք միշտ կունենանք նրանց հետ ամենաբարեկամական հարաբերությունները»,- ասել է Մեդվեդևը՝ Փաշինյանի հետ զրույցում:
Միաժամանակ, Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ զրույցը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի վարչապետի վրա. «Նա ուշադրություն չի դարձրել այս խոսքերին և չի գնահատել Ռուսաստանից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները»։