
Նիկոլ Փաշինյանը, որը երեկվանից գտնվում է Շիրակի մարզում և գիշերել է Գյումրիում, այսօր վաղ առավոտից շարունակել է նախընտրական քարոզարշավը քաղաքում։ Նա շրջել է տարբեր թաղամասերով ու փողոցներով՝ բարձրախոսով քաղաքացիներին կոչ անելով «տեր կանգնել խաղաղությանը»։
Քաղաքում անցկացվող քարոզարշավի ընթացքում Փաշինյանին հիմնականում մոտեցել են տարեցներ, ողջունել ։ Սակայն առավել աչքի ընկնողը երեխաների մեծ ներկայությունն էր, ովքեր ուղեկցում էին քարոզարշավին։ Դպրոցահասակ երեխաներին բաժանվել են թխվածքաբլիթներ և քարոզչական նյութեր, ինչպես նաև, որն առավել ուշագրավ է, ձեռքերուն պահել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները։
Երեկոյան ժամը 20:00-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ արդեն տեղադրվել է մեծ բեմահարթակ։ Հատկանշական է, որ նախորդ այցելությունների ընթացքում վարչապետին այդպես էլ չէր հաջողվել լեփ-լեցուն հավաք կազմակերպել քաղաքի գլխավոր հրապարակում, սակայն, ըստ ամենայնի, այս անգամ փորձ է արվում ապահովել առավել մեծ մասնակցություն։
Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու նպատակով գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը։ Մարդկանց տեղափոխում են ոչ միայն Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից, այլև հարակից մարզերից։ Տեղեկություններ կան նաև, որ հրապարակում ներկա են լինելու քաղաքացիական հագուստով ոստիկաններ։