Հայկական դրամին կցված սթեյբլքոյնները զգալիորեն կնվազեցնեն անդրսահմանային վճարումների ծախսերը․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական դրամին կցված սթեյբլքոյնները թույլ կտան բնակչությանը կատարել ներքին վճարումներ, ինչպես նաև զգալիորեն կնվազեցնեն անդրսահմանային վճարումների ծախսերը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Մեր տեսանկյունից դա կարևոր է և ճիշտ», — ասել է նա երկուշաբթի՝ ներկայացնելով Հայաստանի 2025 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։

Գալստյանը նշել է, որ ռիսկային չի համարում Հայաստանի ավանդական ֆինանսական համակարգ կրիպտոակտիվների աստիճանական ներթափանցման գործընթացը։

 «Առնվազն առաջիկա 6 տարիների ծրագրային դրույթներից մեկն այն է, որ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ», — հավելել է նա։

 Ավելի վաղ Գալստյանը հայտարարել էր, որ ՀՀ ԿԲ-ն սթեյբլքոյնները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն, ինչպես նաև նշել էր, որ կրիպտոկարգավորման մասին վերջերս ընդունված օրենքը ցույց է տալիս ԿԲ հանձնառությունը՝ հասնելու «ոսկե հավասարակշռության» սպառողների պաշտպանության և նորարարությունների զարգացման միջև։

 «Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվների առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները։ Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվների գնորդների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *