
Ժամանակակից կինոարվեստում սովորաբար շատ դժվար է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում, լինել քննարկվող։ Դրա համար պետք է գրեթե մշտապես ներկա լինես սոցկայքերում, աղմկոտ հարցազրույցներ տաս, քո մասին նյութերը մամուլում հրապարակվեն սկանդալային վերնագրերով։ Այս ամբողջ թոհուբոհի մեջ իռլանդացի դերասան Կիլիան Մյորֆին, կարելի է ասել, քիչ բացառություններից է։ Նա համարյա իր անձնական կյանքի մասին չի խոսում, խուսափում է հոլիվուդյան բոհեմական կյանքից եւ նախընտրում է, որ իր մասին խոսեն իր կերտած դերերը։ Թերեւս դրա համար էլ առաջին հայացքից նրա համաշխարհային հռչակն ու փառքը մի փոքր անսովոր կարելի է համարել։
Նրա կենսագրությունն ու անցած ուղին ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ չի էլ ցանկացել դառնալ համաշխարհային հռչակ ունեցող դերասան, սակայն դարձել է՝ պարզապես այն պատճառով, որ «երկնային ուժերը նրա կողմից են եղել»։ Մյորֆին ծնվել է 1976 թվականի մայիսի 25-ին, իռլանդական Քորք քաղաքում։ Վաղ տարիքում լրջորեն հետաքրքրվել է երաժշտությամբ, նույնիսկ հանդես է եկել ռոք-խմբում՝ եղբոր հետ։ Սակայն աստիճանաբար նախ՝ թատրոնը եւ ապա՝ կինոարվեստը նվաճել են նրան եւ տեղ չեն թողել երաժշտությամբ զբաղվելու համար։ Դերասանական կարիերան սկսել է թատերական բեմից։ Նրա առաջին լուրջ աշխատանքը Disco Pigs պիեսն է, որը հետո էկրանավորվել է։ Լայն ճանաչում է գտել 28 Days Later կինոնկարի թողարկումից հետո, որի ռեժիսորն էր Դենի Բոյլը։ Այն 21-րդ դարասկզբի բրիտանական սարսափ կինոնկարների շարքում ամենահայտնի օրինակներից է, իսկ Ջիմի կերպարը՝ Մյորֆիի մարմնավորմամբ, ճանաչելի է դառնում Իռլանդիայի սահմաններից շատ հեռու։ Հետագայում Մյորֆին խոստովանում է, որ հենց այդ կինոնկարն է ճանապարհ բացել իր համար միջազգային կինոարվեստի համար։ Հատկապես կարեւոր էր Մյորֆիի եւ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի համագործակցությունը։ Նրանց համագործակցությունը սկսվել էր Batman Begins-ով, որին հաջորդել էին Inception, Dunkirk կինոնկարները եւ, վերջապես՝ Oppenheimer-ը։ Հենց ֆիզիկոս Ջի․ Ռոբերտ Օփենհեյմերի կերպարի մարմնավորումն է, որ Մյորֆիին բերում է համաշխարհային ճանաչման նոր մակարդակ։ Գիտնականի կերպարը մարմնավորելու համար դերասանը խիստ նիհարում է, շատ է աշխատում պատմական նյութերի վրա, փորձում է ցույց տալ ոչ միայն իր հերոսի ինտելեկտը, այլ նաեւ ներքին ողբերգականությունը։ Քննադատները նրա խաղն անվանում են «մագնիսական» եւ «հիպնոսային»։
2024-ին Մյորֆին ստանում է «Օսկար»՝ լավագույն դերի համար՝ դառնալով առաջին իռլանդացին, որն այդ կատեգորիայում ստանում է նման բարձր մրցանակ։ Միլիոնավոր երկրպագուների համար, սակայն, նա շարունակում է մնալ Թոմաս Շելբին՝ Peaky Blinders սերիալից։ Սառը հայացք, զուսպ պահվածք եւ շարժուձեւ, չոր խոսվածք, ներքին լարվածություն. այս գծերի շնորհիվ էլ Թոմասի կերպարը դառնում է կուլտային։ Հետաքրքիր է այն, որ նախապես սերիալի ստեղծողները կասկածել են, թե այդ դերի համար արդյոք Մյորֆին հարմա՞ր է։ Ասում են, որ անձնական ինքնավստահության շնորհիվ է Մյորֆին այդ դերը ստացել։