Ռուսաստանը կարող է խզել Հայաստանի հետ գազի մատակարարման պայմանագիրը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն իր վերլուծական հոդվածում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ Հայաստանի՝ եվրաձգտումներին՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել կամ խզել միակողմանի կերպով Հայաստանին գազի, նավթամթերքների եւ չմշակված ալմաստների մատակարարման պայմանագիրը, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե Երեւանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Դա հասկանալի է դառնում ՌԴ Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի՝ Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին ուղղված նամակից։ Նամակը Երեւան է ուղարկվել մայիսի 25-ին։

«Շարունակվող գործնական քայլերը կապված Հայաստանի՝ ԵՄ գործակցության խորացման հետ եւ Հայաստանի կառավարության կողմից հայտարարվող ձգտումները ԵՄ անդամակցության վերաբերյալ հարվածի տակ են դնում Ռուս-Հայկական հիմնարար եւ բարձր մակարդակի վրա գտնվող առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցությունը, որի հիմքերից մեկն հանդիսանում են երկկողմանի միջազգային պայմանագրերը»,- ասված է նամակում։ Ցիվլիեւը գրել է, որ Հայաստանի՝ ԵՄ մուտք գործելու փորձերը չեն համապատասխանում երկու երկրների եւ երկու երկրների տնտեսվարողների միջեւ փոխադարձ հարգանքի եւ փոխադարձ շահավետության հիմքի վրա տասնամյակներով ձեւավորված հարաբերությունների բնույթին եւ ՌԴ կողմից բազմաթիվ անգամներ ձեռնարկված քայլերին՝ ապահովելու համար Հայաստանի կենսական կարեւորության կարիքների հոգացմանը՝ արտոնյալ պայմաններով։ Պարբերականը գրում է, որ ոչ ՌԴ Էներգետիկայի նախարարությունը, ոչ հայկական կողմը, թե Տարածքային ենթակառուցվածքների նախարարությունից թե վարչապետի աշխատակազմից, ի դեմս խոսնակ Նազելի Բաղդասարյանի, «Կոմերսանտին» չեն արձագանքել նամակի առնչությամբ եւ մեկնաբանություններ չեն տրամադրել։

Հոդվածում ներկայացված է 2013 թվականին կնքված պայմանագիրը, որը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ճանապարհին ընկած փաստաթղթերից է եղել, ինչպես նաեւ նշվում է, որ Հայաստանը ամբողջապես ռուսական գազով է փակում իր գազասպառման ծավալը՝ տարեկան 2,7 միլիարդ խորանարդ մետր։ Եւս 476 միլիոն խորանարդ մետր գազ էլ Հայաստանը ստանում է Իրանից՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Հայաստանը ներկայումս գազ ստանում է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177 դոլար արժեքով, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *