Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ներկայացուցիչները Իտալիայի հեղինակավոր «Ալֆրեդո Բելտրամե» հյուրընկալության ինստիտուտում ներկայացրել են հայկական խոհանոցի պատմությունն ու լավագույն ավանդույթները։ Փորձի փոխանակման ծրագիրն իրականացվել է Ակադեմիայի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցության շրջանակներում։ Հայաստան-Իտալիա խոհարարական դիվանագիտության կամուրջների ստեղծմանն ուղղված այս գործընկերությունը մեկնարկել է դեռևս 2022 թվականից՝ սկիզբ առնելով «Իտալական խոհանոցի օրեր» ամենամյա միջոցառումից։ Տարիներ շարունակ Երեմյան Ակադեմիան հյուրընկալել է հյուրընկալության ոլորտի իտալական տարբեր դպրոցների խոհարարների և ուսանողների՝ կազմակերպելով վարպետաց դասեր և փորձի փոխանակման ծրագրեր։

Մայիսի 17-24-ը «Ալֆրեդո Բելտրամե»-ում Հայաստանը ներկայացրել են Ակադեմիայի խոհարարական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը, շեֆ-խոհարար, դասավանդող Ավետիք Իսախանյանը և միջազգային ծրագրերի համակարգող Մարգարիտա Գևորգյանը։ Ծրագրի շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Երեմյան ակադեմիայի գործունեությանը և կրթական ուղղություններին, իրականացվել են հայկական և իտալական խոհանոցների վարպետաց դասեր, գինու փորձառություններ, մատուցվել են համատեղ ընթրիքներ։

«Երեմյան ակադեմիայում մենք 4 տարի անընդմեջ սիրով հյուրընկալել ենք մեր իտալացի գործընկերներին, շեֆ-խոհարարներին, պրոֆեսորներին և ուսանողներին՝ ներկայացնելով հայկական խոհանոցի հազարամյակների պատմությունը և վերհանելով երկու երկրների մշակութային նմանություններն ու թողած ժառանգությունը։ Այսօր արդեն մենք Իտալիայում ենք՝ «Ալֆրեդո Բելտրամե» առաջատար դպրոցում, որը 1984 թվականից ձևավորում է համաշխարհային գաստրոնոմիկ ոլորտի լավագույն մասնագետներին: Այն հայտնի է հատկապես խոհարարական արվեստի, գինու փորձագիտության և հյուրանոցային գործի ուղղություններով իր պրեմիում դասի ծրագրերով։ Այս առումով մենք շատ նմանություններ ունենք մեր առաքելությամբ, նպատակներով, կրթական ծրագրերով, գրանցած հաջողություններով, մասնագիտական ամուր հենքով։ Մենք այստեղ ենք՝ փոխանակելու մասնագիտական փորձ, ներկայացնելու մեր ազգային խոհանոցների առանձնահատկությունները և բացահայտելու նոր մշակութային ու գաստրոնոմիական կապեր։ Այցի շրջանակում ունեցել ենք նաև հայկական և իտալական խոհանոցներին նվիրված համատեղ ընթրիք, որը դարձել է երկու մշակույթների համերի ու ավանդույթների յուրօրինակ երկխոսություն»,- իր խոսքում նշել է Ակադեմիայի խոհարարական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը։ Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում իտալացի պրոֆեսորներին հատկապես տպավորել են հայկական խոհանոցի հարուստ համերը, տարբեր մթերքների համադրման յուրահատուկ մոտեցումներն ու դրանց մատուցումը։

«Իր գործունեության 7 տարիների ընթացքում Երեմյան Ակադեմիան ունեցել է ավելի քան 2700 շրջանավարտ, մշակել կրթական 4 ուղղություն՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրանոցային գործ, մենեջմենթ և սպասարկում, համագործակցություն ծավալել 60-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ։ Այս հաջողություններն իրապես տպավորել էին մեր իտալացի գործընկերներին, և լիահույս ենք, որ նրանց հետ մեր hամագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ»,- ընդգծել է միջազգային ծրագրերի համակարգող Մարգարիտ Գևորգյանը։
Երեմյան Ակադեմիան խոհարարական դիվանագիտության շրջանակներում շարունակում է զարգացնել մշակութային կապերն ու հանրահռչակել հայկական խոհանոցը միջազգային հարթակներում։