Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ով


Առաջարկում ենք՝ պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումն իրականացվի X-Road-ով, որը հաջող գործակվում է Էստոնիայում, Ֆինլանդիայում և համարվում է առաջատար մոդել: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 27-ի նիստին ասաց ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

«Մինչ այս կար մի իրավիճակ, երբ պետական մարմինների շտեմարանների միջև ինֆորմացիայի փոխանցումը տեղի էր ունենում տարբեր մոդելներով՝ լինի դա փակ ճարտարապետություն, բաց ճարտարապետություն, և դա հնարավորություն էր տալիս, որպեսզի մեկ պետական մարմնի շտեմարանի տվյալները կրկնօրինակվեին մյուս պետական մարմնի մոտ:  

X-Road տարբերակի պարագայում ունենալու ենք մի շարք առավելություններ, առաջինը պետական մարմինների տվյալների կրկնօրինակման բացառություն է, բավականին բարձրանալու է անվտանգության, գաղտնիության ապահովման որակը, ապահովվելու է հետագծելիությունը, ինչպես նաև թափանցիկությունը»,- ասաց նա:

Քաղաքացիների կյանքի բարելավման տեսանկյունից համակարգի առավելությունն այն է, որ մեկ պատուհան տարբերակն առավել գործնական կդառնա, այսինքն՝ եթե նախկինում կամ ներկայի որոշակի պրոցեսներում քաղաքացին դիմում էր որևէ պետական մարմնի, պետական մարմինն էլ պահանջում էր տեղեկանքներ բերել այլ պետական մարմիններից, և քաղաքացին գնում էր, ֆիզիկապես հավաքում էր դրանք, այժմ արդեն մեկ անգամ նույնականացման պարագայում քաղաքացին հարցում է կատարելու պետական մարմնին, իսկ պետական մարմինը տվյալ համակարգին միացած մյուս բոլոր մարմիններից ստանալու է տվյալները՝ թեթևացնելով քաղաքացու հոգսը:

«Պետական մարմինների պարագայում մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը պարտադիր է լինելու տվյալ համակարգին ինտեգրացիան, իսկ ՏԻՄ մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարագայում լինելու է ըստ հայեցողության»,- ասաց նախարարի տեղակալը:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում հույս հայտնեց, որ ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ստանդարտը համահունչ կլինի եվրոպական ստանդարտներին:

«Հիմա ես կարծում եմ՝ անձնական տվյալների պաշտպանության գործառույթը ռեալ կադապտացվի այս լուծմանը, և կունենանք իրական պաշտպանություն, ոչ թե օրենքի տված երաշխիքները՝ որպես տեքստ, այլ մեր կյանքում կունենանք ռեալ պաշտպանություն»,- ասաց նա:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *