Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակն անորոշություն է ստեղծում ներդրողների շրջանում․ գրում է ТАСС-ը։
«Գիտեք, իհարկե, ներկայիս իրավիճակը մեծ անորոշություն է ստեղծում նաև ներդրողների համար», – նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ին միանալու Երևանի ծրագրերը հանգեցնում են Հայաստանի և Ռուսաստանի միջև ներդրումների նվազմանը։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու ծրագրեր չունի, քանի որ հասկանում է անդամակցության առավելությունները։
«Ինչպես գիտենք, Հայաստանը մտադրություն չունի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Նրանք լավ գիտակցում են ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը։ Առևտրի այս ծավալը մեծապես հնարավոր է դարձել Հայաստանի համար գոյություն ունեցող արտոնյալ ռեժիմների շնորհիվ։ Դրանք ներառում են զրոյական մաքսատուրքեր, ներդաշնակեցված ստանդարտներ և տեխնիկական կանոնակարգեր»,-լրագրողներին ասել է նա՝ հավելելով․ «Այսօր մեր շուկաները բաց են, և ապրանքների տեղաշարժն ազատ է։ Հետևաբար, հայերը լավ գիտակցում են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության առավելությունները, և նրանք չեն ցանկանում դուրս գալ»։