
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններին քաղաքական ուժերի, դաշինքների քարոզարշավը հիմնականում ընթանում է միմյանց վիրավորելու, ստորացնելու, «հների» և «նորերի» բազմաթիվ սխալների, բացթողումների, իշխանական լծակները իրենց նեղ անձնական նպատակներին օգտագործելու համար։ Այս իրավիճակի հեղինակը գործող վարչապետն է իր թիմակիցների հետ միասին, մտածելով, որ քաոս ստեղծելով հնարավոր է վերարտադրվել։ Ընդդիմադիր քաղաքական դաշտում կան հայրենասեր և պետականամետ ուժեր իրենց խոստումնալից ծրագրերով, որոնց միասնական ջանքերով հնարավոր կլինի կանխել մեզ սպառնացող ազգային աղետը։
Մենք, հատկապես այս ընտրություններին մեծ լրջությամբ և խոհեմությամբ պետք է մոտենանք, ձևավորենք այնպիսի Ազգային ժողով, որը կառաջնորդի ոչ միայն փրկելու մեր ազգին և պետությանը վերահաս վտանգներից, այլև վերականգնելու մեր ազգային արժանապատվությունը, ունենալու զարգացած հասարակություն և տնտեսություն, կանխատեսելի ապագա: Քաղաքական ուժերի միավորումների մոտեցումներից, ձգտումներից և ցանկություններից անկախ ինքներս պետք է կողմնորոշվենք, թե նրանցից ովքեր կարող են մեզ տանել վերը նշված խնդիրների լուծման, ընտրություն կատարել ոչ թե անձնական հետաքրքրություններից և շահերից ելնելով, այլ ազգային-պետական մտածողությամբ։ Եթե մենք կերտենք զարգացած, ուժեղ, հարուստ ու ապագան ունեցող պետություն, կունենանք արժանապատիվ կյանք մեր երկրում:
Ես հավատացած եմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարելու և կունենանք ժամանակակից, ազգային-պետական ոգով տոգորված Հայաստան։
Սուրեն Տոնոյան