Կիսապաշտպան Նիկո Պասը Մադրիդի «Ռեալ» վերադառնալու փոխարեն մտադիր է կարիերան շարունակել իտալական «Կոմոյում»։ Ըստ հայտնի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ ֆուտբոլիստը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Իտալիայում։
Ա Սերիան ներկայացնող ակումբի ղեկավարությունը ձգտում է պահպանել խաղացողին և անում է հնարավոր ամեն ինչ դրա համար։ Սակայն վերջնական որոշումը կայացնելու է «Ռեալը», որն իրավունք ունի Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին հետ գնել 9 մլն եվրոյով 2026 թվականին և 10 մլն եվրոյով՝ 2027-ին։
«Կոմոյում» տեղյակ են, որ «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձող Ժոզե Մոուրինյուն ցանկանում է Պասին իր տրամադրության տակ տեսնել արդեն հիմա։ Չնայած դրան՝ իտալական ակումբում հույս ունեն, որ մադրիդցիների սպասվող նախագահական ընտրությունները կօգնեն մեկ տարով հետաձգել տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Նիկո Պասն Ա Սերիայում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ։
Պասն իր կարիերան սկսել է հենց «Ռեալի» համակարգում՝ 12 տարեկանում միանալով «Տեներիֆեի» ակադեմիայից։ 2024 թվականին «Կոմոն» ձեռք բերեց կիսապաշտպանին՝ մադրիդյան ակումբի համար պահպանելով հետգնման բացառիկ իրավունքը։ Ներկայումս Transfermarkt հեղինակավոր պորտալը տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 մլն եվրո։