Նախորդ շաբաթվա միջինացված տվյալների համաձայն՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-30%՝ նախորդ շաբաթվա օրերի համեմատ։ Սա նշանակում է, որ այն գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ․ այսօր Երևանի քաղաքապետարանի նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուզում եմ առաջին հերթին իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ: Որքան էլ տարբեր անձինք փորձում են հունից հանել վարորդներին, նրանք հիմնականում մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ եղել է մի քանի տհաճ միջադեպ, երբ հարձակվել են վարորդի վրա։
«Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Դա միայն վարորդի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, այս ամբողջ համակարգի նկատմամբ։ Ուզում եմ բոլորն իմանան, առաջին հերթին՝ վարորդները, որ մենք նրանց հետ ենք, նրանց կողքին կանգնած ենք»,- ասաց նա։
«Չվճարող մարդն ամոթից գետինը մտնելու փոխարեն, դեռ մի հատ էլ ելույթներ է ունենում, դեռ մի հատ էլ ագրեսիվ է։ Եվ մենք ենք մեղավոր, մենք բոլորս»,- հավելեց քաղաքապետը։