
Իտալական մարզական մամուլում հայտված տեղեկությունների համաձայն՝ «Միլանում» ներքին լարվածությունը սկսվել էր դեռևս մինչև մրցաշրջանի անհաջող ավարտը։ Ակումբի ղեկավարության ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչի և թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հարաբերությունները երկար ժամանակ խիստ սրված են եղել։
Ա Սերիայի վերջին խաղում, հիշեցնենք, «Միլանը» 1:2 հաշվով պարտվեց «Կալյարիին» և ավարտեց առաջնությունը 5-րդ տեղում՝ զրկվելով Չեմպիոնների լիգայի ուղեգրից։ Դրանից հետո ակումբի սեփականատեր «ՌեդԲըրդ Քեփիթըլ» ընկերությունը հայտարարեց լայնածավալ պաշտոնանկությունների մասին։ Պաշտոններից հեռացվեցին գլխավոր տնօրեն Ջորջո Ֆուրլանին, սկաուտական բաժնի ղեկավար Ժոֆրե Մոնկադան, ինչպես նաև սպորտային տնօրեն Իգլի Տարեն։
Իտալական «Կորիերե դելլա Սերա» պարբերականի տեղեկություններով՝ Իբրահիմովիչի և Ալեգրիի միջև իրավիճակը հասել էր անգամ ֆիզիկական բախման վտանգի։ Նշվում է, որ ռեստորանային հանդիպման ընթացքում կողմերի միջև թեժ վիճաբանություն է սկսվել, որին ներկա են եղել նաև Տարեն ու Ֆուրլանին։ Աղբյուրի համաձայն՝ նրանք ստիպված են եղել միջամտել և բաժանել Իբրահիմովիչին ու Ալեգրիին։
Հաղորդվում է, որ կոնֆլիկտի հիմնական պատճառներից են եղել Իբրահիմովիչի՝ մարզչի թիկունքում խաղացողների հետ ունեցած քննարկումները, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոյի հետ շփումները, որը հաճախ քննադատել է Ալեգրիին։ Բացի այդ, կողմերը տարաձայնություններ են ունեցել ակումբի տրանսֆերային քաղաքականության հարցում։