Չինաստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որը մեղադրվում էր իր ղեկավարի՝ միլիարդատեր խաղային մագնատ, Yoozoo Games ընկերության տնօրեն Լին Ցիի սպանության համար․ գրում է BBC-ն։
Տեղական կրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2020 թվականին Սյու Յաոն թունավորել էր Լինին, երբ վերջինս Netflix-ի հետ գործարք կնքելուն օժանդակելուց կարճ ժամանակ անց նրան դուրս էր թողել գործընթացներից։ Սյու Յաոն դատապարտվել է 2024 թվականին, իսկ մահապատիժն իրականացվել է այս տարվա մայիսի 21-ին։
Տեղեկությունը հաստատել է Yoozoo Games ընկերությունը՝ նշելով․ «Արդարությունը վերջապես հաղթեց»։
Լինի ղեկավարած Yoozoo Games ընկերությունը տնօրինում է չինական գիտաֆանտաստիկ եռագրության էկրանավորման իրավունքները, որի հիման վրա Netflix-ը ստեղծել է «3 Body Problem» սերիալը։ 2018 թվականին Լինը Սյու Յաոյին նշանակել էր ղեկավարելու Three-Body Universe դուստր ընկերությունը, որը զբաղվում էր գիտաֆանտաստիկ ֆրանշիզի նախագծերի կառավարմամբ։ 2020 թվականին, սակայն, նրանց հարաբերությունները վատացել են, երբ Լինը որոշել է բիզնեսի կառավարումը հանձնել այլ ղեկավարների։ Ըստ տեղական աղբյուրների՝ հարաբերությունների վատթարացումից հետո Սյու Յաոն Լինին տվել է թունավոր նյութեր՝ դրանք ներկայացնելով որպես պրոբիոտիկ հաբեր։ 2020 թվականի դեկտեմբերին Լինն իրեն վատ է զգացել և դիմել է հիվանդանոց։ Նա մահացել է 9 օր անց՝ 39 տարեկանում։