Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հայտնվել է կառավարման ճգնաժամի մեջ

Անկարայի վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) 2023թ. նոյեմբերյան համագումարը: Այդ որոշումը խորացրել է կուսակցության ներսում առկա քաղաքական ճգնաժամը։ Հայտնում է Ermenihaber-ը:

Դատարանի որոշման համաձայն՝ համագումարի անվավեր ճանաչման հետևանքով իրավական առումով վերականգնվում է կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի լիազորությունները, իսկ գործող նախագահ Օզգյուր Օզելը հեռացվում է ղեկավար պաշտոնից։ Այս զարգացումները լարված իրավիճակ են ստեղծել CHP-ի կենտրոնակայանում։

Կուսակցության գլխավոր գրասենյակի տարածքում Օզելի և Քըլըչդարօղլուին աջակցող խմբերի միջև սկսված վիճաբանությունը կարճ ժամանակում վերաճել է ֆիզիկական ընդհարման։ Իրավապահ մարմիններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կուսակցության կենտրոնակայանի շրջակայքում՝ փորձելով վերահսկել իրավիճակը և ցրել հավաքված բազմությունը։ Միաժամանակ ուժեղացվել է նաև Քըլըչդարօղլուի՝ Անկարայում գտնվող բնակության վայրի անվտանգությունը։

Դատարանի որոշմամբ՝ համագումարից հետո անցկացված բոլոր կուսակցական ժողովները և դրանց արդյունքում ընդունված որոշումները ճանաչվել են անվավեր։ Կուսակցության կողմից ներկայացված բողոքարկման դիմումները մերժվել են թե՛ համապատասխան դատարանի, թե՛ Բարձր ընտրական խորհրդի (YSK) կողմից։

Անկարայի նահանգապետարանը, ըստ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների, ոստիկանությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել կուսակցության գլխավոր գրասենյակը Քըլըչդարօղլուի ղեկավարությանը փոխանցելու ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկանությունը միջամտել է՝ կոտրելով մուտքերից մեկը և ներխուժել ներս։ Ոստիկանությունը Օզելի աջակիցների ուղղությամբ նաև արցունքաբեր գազ է կիրառել: Օզելը միջամտությունից հետո պատռել է իրեն փոխանցված կենտրոնակայանը լքելու մասին ծանուցագիրը և դուրս եկել շենքից՝ հայտարարելով այնտեղ կրկին վերադառնալու մասին: Այնուհետև վերջինս լքել է կուսակցության գլխավոր գրասենյակի շենքը, ապա իր աջակիցների հետ քայլել դեպի մեջլիս (խորհրդարան): Նա պնդել է, որ կուսակցությունը այսուհետ գործունեությունը շարունակելու է մեջլիսի խմբակցության գրասենյակներում՝ ընդգծելով, որ «քաղաքական ուժի հիմքը ոչ թե շենքերն են, այլ կամքն ու վճռականությունը»։

Քաղաքական և իրավական գործընթացների ֆոնին քննարկվում է նոր համագումարի անցկացման հնարավորությունը։ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ կուսակցությունը պետք է հնարավորինս արագ անցնի նոր համագումարի կազմակերպմանը։ Մինչդեռ Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցները չեն շտապում նոր համագումարի անցկացման հարցում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *