

Հայաստանում թափոնների կառավարման համակարգի բարեփոխումները, պլաստիկի օգտագործման սահմանափակման օրենսդրական նախաձեռնությունը և արտադրողի ընդլայնված պատասխանատվության ներդրումը շարունակում են մնալ Շրջակա միջավայրի նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու ծրագրերը։
Թափոնների կառավարման ոլորտում նոր կարգավորումներ
Նախարարի խոսքով՝ թափոնների կառավարման ոլորտում արդեն իսկ ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են աղբավայրերի վերահսկողության ուժեղացմանը և շրջակա միջավայրի պահպանության բարձրացմանը։ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ օրենսդրական կարգավորումներով սահմանվել է աղբավայրերը տնօրինող կազմակերպությունների պարտավորությունը՝ իրականացնել թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ։ Միաժամանակ նախատեսվել են տուգանքներ այն դեպքերի համար, երբ աղբավայրի տնօրինողները խախտում են մոնիթորինգի իրականացման կարգը։ Բացի այդ, սահմանվել են վտանգավոր թափոնների պոլիգոնների նախագծման, կառուցման, շահագործման և փակման պահանջներ։ Օրենսդրությունը նախատեսում է նաև աղբավայրի փակվելուց հետո տարածքի վերականգնման կանոններ։
Պլաստիկի օգտագործման սահմանափակում՝ 2027 թվականից
Նախարարն անդրադարձել է նաև պլաստիկի օգտագործման սահմանափակման օրինագծին։ 2027թ․ հունվարի 1-ից կսահմանափակվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ արտադրանքի օգտագործումը։ Նախագծով նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ տարածումը։ Նախարարն ընդգծել է օրենքի վերաբերյալ քննարկումներում հանրային իրազեկման կարևորությունը՝ այդ հարցում դիմելով լրատվամիջոցների աջակցությանը։
Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման հարցը Հայաստանում քննարկվում է արդեն տարիներ շարունակ։ Նրա խոսքով՝ նախկինում ընդունվել են միջանկյալ լուծումներ, օրինակ՝ պոլիէթիլենային տոպրակների հաստության (միկրոն) սահմանափակումներ, որոնք նպատակ ունեին ժամանակ տալ տնտեսվարողներին՝ անցում կատարելու այլընտրանքային տարբերակների։ Նախարարի գնահատմամբ՝ շուկայում արդեն իսկ ձևավորվել են այլընտրանքներ։ Մասնավորապես, որոշ տնտեսվարողներ սկսել են կիրառել թղթե տոպրակներ կամ այլ նյութերից պատրաստված փաթեթավորում։ Նա նշեց, որ մի շարք հյուրանոցներ արդեն կամավոր կերպով անցում են կատարել պլաստիկի օգտագործման սահմանափակման քաղաքականությանը։ Այդ գործընթացը հատկապես կարևոր է դիտվում միջազգային միջոցառումների համատեքստում, հատկապես՝ 2026թ․ հոկտեմբերին Երևանում COP17-ի հյուրընկալման ընթացքում, երբ Հայաստանը պետք է ներկայացնի ավելի էկոլոգիական մոտեցումներ։
Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրինագիծը գրեթե պատրաստ է
Ասուլիսի ընթացքում նախարարը խոսել է նաև արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման մասին օրենքի նախագծից։ Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել տնտեսվարողների և ոլորտային ասոցիացիաների հետ։ Համբարձում Մաթևոսյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը գրեթե ավարտական փուլում է։ Սակայն որոշ դիտարկումների հիման վրա նախարարությունը խնդրել է վերանայել մի շարք մոտեցումներ։ Նախատեսվում է, որ աշխատանքների ավարտից հետո մինչև օրինագծի վերջնական ներկայացումը կկազմակերպվեն լրացուցիչ քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մարտ 05, 2026 at 16:00