
Սպիտակում ՔՊ-ի շահերի համար գիշերուզօր աշխատող, իսկ վերջին օրերին իշխանական քարոզարշավի ակտիվ դեմքերից դարձած ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն անցած տարի հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կիզակետում։ Նրան մեղադրում էին համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու ու հայհոյելու համար։ Քաղաքացին համայնքապետարան է գնացել՝ իր ջրի խնդիրը բարձրաձայնելու, սակայն, փոխանակ համայնքապետը հարցը լուծի, բռունցքներով ու վիրավորանքներով հարձակվել է քաղաքացու վրա:
Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանը պատմել է, որ Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել է, նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել: Նա քաղաքապետարան է գնացած եղել կնոջ եւ աներոջ հետ: «Ես ընդամենը անորս՝ Արմանին ասել եմ՝ Արման, թող արի, ես ամսուկես է՝ բողոքում եմ, ոչ մի բանի տեղ չի դնում, արի՝ վաղը կգնանք մարզպետարան: Էդ բառից հետո քաղաքապետը բերանին եկած էն այլանդակ բառերով, սեռական բառերով, ինչ լկտի բառ ասես՝ ինձ ասել է ու, պլյուս դրան, քացով… աջուձախ բռունցքները… մարդիկ չթողեցին, մինչեւ մեքենայիս մոտ հազիվ փախել եմ, որ ինձ չսպանեն»,- պատմել է քաղաքացին: Դրանից հետո նա դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին, հայտնել, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։
«Հրապարակի» տեղեկություններով, Քննչական կոմիտեն ոչ թե պատասխանատվության է ենթարկել իշխանական համայնքապետին, այլ «ջրել» է գործը՝ կարճելով նախաձեռնված քրեական վարույթը եւ փրկելով ՔՊ-ականին։ Մեր հարցին պատասխանելու փոխարեն Քննչական կոմիտեն սահմանափակվեց արդեն դասական դարձած՝ «գրավոր հարցում ուղարկեք» ձեւակերպմամբ։