Դարձնել Հայաստանը կրկին հզոր. Թրամփը հայտարարել է Փաշինյանին լիակատար աջակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր «Truth Social» պաշտոնական հարթակում հրապարակում է արել, որտեղ բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և հայտնել իր լիակատար աջակցությունը առաջիկա ընտրություններին։

Թրամփը Փաշինյանին անվանել է մեծ ընկեր և առաջնորդ՝ ընդգծելով, որ նա Հայաստանը դարձնում է ուժեղ, հարուստ և անվտանգ պետություն։ ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կիսում և աջակցում է խաղաղության և զարգացման այն գաղափարներին, որոնք, ըստ նրա, կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին։

Թրամփի խոսքով՝ այցի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ։ Նա նաև հայտարարել է, որ մոտ ապագայում երկու երկրները համատեղ կմեկնարկեն «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» նախագիծը, որը, կարող է էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի զարգացման վրա և նպաստել ամերիկյան էներգետիկ ընկերությունների մուտքին Կենտրոնական Ասիա։

Թրամփը հավելել է, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ամբողջությամբ աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նրա հետ համագործակցությամբ ԱՄՆ-ն, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կարող են հասնել աննախադեպ հաջողությունների։

Գրառման ավարտին ԱՄՆ-ը նախագահը կոչ է արել «Դարձնել Հայաստանը կրկին հզոր»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով․ «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *