
Նախկինում գրել էինք, որ Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված՝ քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը եւ անվավեր ճանաչել այդ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը։
Իմ տեղեկություններով, «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջանի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար, սակայն Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի համար այդ փաստը ոչ մի նշանակություն չունի։
Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված այլ ընկերության՝ «Դիս Փրոփերթիսի» դեմ նույնպես քաղաքացիական հայց է ներկայացրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։
Համայնքապետարանը դատարանից խնդրել է «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամից՝ հօգուտ Դիլիջանի համայնքապետարանի, բռնագանձել 63 միլիոն 227 հազար 898 դրամ՝ որպես վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների գումար, ինչպես նաև հիմնադրամից՝ հօգուտ համայնքապետարանի, բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 1 միլիոն 896 հազար 837 դրամի չափով։ Հայցը փետրվարի 2-ին ընդունվել է դատարանի վարույթ։ «Դիս Փրոփերթիսը» հայաստանյան բարեգործական հիմնադրամ է, որը սերտորեն համագործակցում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ։ Դիլիջանի միջազգային դպրոցի գործունեությունն ապահովում են «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» եւ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամները։
Նման ապերախտ ու անբարո վերաբերմունք՝ Հայաստանում բարեգործություն իրականացրած եւ հիմա Բաքվի բանտում խոշտանգվող անձի նկատմամբ, միայն ՔՊ-ական իշխանություններին է բնորոշ: Ալիեւյան ռեժիմը նրան ցմահ ազատազրկման է դատապարտում, իսկ փաշինյանական ռեժիմն ունեցվածքն է խլում նրանից Հայաստանում: