ՆԱՏՕ-ն կամրապնդի իր արևելյան թևի պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում Էստոնիայում և Լատվիայում դաշնակցային զորքերի հրամանատարությունը փոխանցելով գերմանա-հոլանդական կորպուսին, հինգշաբթի հայտարարել են Գերմանիան և Նիդեռլանդները, հայտնում է Reuters-ը։
Բալթյան բոլոր երեք երկրներում, ինչպես նաև Լեհաստանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ուժերը ներկայում գտնվում են միասնական բազմազգ շտաբի հրամանատարության ներքո։ Հրամանատարական երկրորդ գոտու ստեղծումը կարող է Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավորություն ընձեռել ավելի շատ զորքեր ուղարկել Բալթյան երկրներ, որոնք առավել ենթակա են Ռուսաստանի պոտենցիալ հարձակման ռիսկին։
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Մոսկվան կարող է դաշնակիցների տարածքի վրա լայնածավալ հարձակում ձեռնարկել արդեն 2029 թվականին, եթե շարունակվեն նրա սպառազինման ջանքերը, սակայն Կրեմլը հերքում է այդ մտադրությունը։ Հինգշաբթի հայտարարված և այս շաբաթվա սկզբին Reuters-ի հրապարակած փոփոխություններն ընդգծում են Բալթյան երկրների ռազմավարական նշանակությունը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
«ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերում գերմանա-հոլանդական կորպուսի ինտեգրմամբ՝ երկու երկրներն էլ լրացուցիչ պատասխանատվություն են ստանձնում Եվրոպայի անվտանգության համար»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հավելելով, որ կորպուսի կազմում ընդգրկված են 16 երկրներ։
Եվրոպայի վրա պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով ճնշումն ուժեղացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո, որը դաշինքին մեղադրում է իր ռազմական կշիռը չմեծացնելու մեջ։
Լրիվ մարտական պատրաստվածության դեպքում բանակային կորպուսը սովորաբար հրամանատարում է երեք դիվիզիաների կամ 40 հազարից մինչև 60 հազար զինծառայողի։ Խաղաղ ժամանակ այն սովորաբար գոյություն ունի որպես շրջանակային հրամանատարական կառուցվածք՝ մասնագիտացված գործառույթներով, մասնավորապես՝ հրետանին, հակաօդային պաշտպանությունը և բժշկական ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արագորեն տեղափոխել զորքերը։
Գերմանական Մյունստեր քաղաքում տեղակայված գերմանա-հոլանդական կորպուսը տարվա կեսերին կստանձնի Էստոնիայի և Լատվիայի մարտավարական շտաբի դերը, ասվում է Գերմանիայի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունների հայտարարության մեջ։
Լեհաստանի Շեցին քաղաքում գտնվող «Հյուսիս-Արևելք» բազմազգ կորպուսը, որի կազմում կա մոտ 20 երկիր, մինչ այժմ պատասխանատու էր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն ստեղծվել էր 2017 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանն ի պատասխան։
Բալթյան երկրների պաշտպանության համար պատասխանատու երկրորդ կորպուսը ՆԱՏՕ-ին հնարավորություն կտար արագորեն ներմուծել «զորքերի զանգված», ինչպես նկարագրել է ռազմական պաշտոնյաներից մեկը։
Ըստ արևմտյան ռազմական պաշտոնյաների՝ Ռուսաստանը սկսել է Բալթյան երկրների սահմանի մոտ ռազմական ենթակառուցվածքներ կառուցել՝ նոր զորանոցներ կառուցելով Լենինգրադի և Մոսկվայի ռազմական օկրուգներում, որտեղ, ինչպես սպասվում է, կտեղակայվեն Ուկրաինայից վերադարձող ռուսական զորքերը։